Կաշառքի դիմաց վարորդականներ ստանալու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել

Կաշառքի դիմաց վարորդականներ ստանալու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրգործով հիմնավորվել է, որ նրանք կաշառք են տվել ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ:

‌Նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակի բնակիչ Վ. Շ.-ն 2020-ի օգոստոսից 2021-ի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3,010,000 դրամ, որի մի մասը՝ 1,400,000 դրամը, որպես կաշառք տվել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:

Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

‌Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով:

Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքեր: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ավարտվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի և նշված քրեական գործով անցնող մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---