Էրդողանն ասել է` կոնկրետ քայլեր են ակնկալում Հայաստանից![]() 26 հուլիսի 2022 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական TRT ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: «Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները: «Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը: Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։ «Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և մեր քաղաքացիներ և ոչ մեր քաղաքացիներ, բայցևայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»: Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ: Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |