ԱՀ ՆԳՆ․ Գետավանի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ

ԱՀ ՆԳՆ․ Գետավանի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում, որով ադրբեջանական շարասյուն էր անցնում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Այդ մասին հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության> ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Ավելի վաղ Արրցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---