ԱՄՆ կոնգրեսական․ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի արգելափակման վերաբերյալ

ԱՄՆ կոնգրեսական․ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի արգելափակման վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հարցազրույցում արած հայտարարություններին, նշել է, որ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Արմենպրեսը։

«Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի կենսական մատակարարումների իրականացումը:

Անհանգստացնող է, որ Ալիևը ողջունում է «ազատ խոսքը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին սպառնալու համար»,- նշել է Փալոնը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի իր գործընկերների հետ աշխատանքներ է իրականացրել՝ դրդելու ԱՄՆ պետդեպին ու համաշխարհային առաջնորդներին լուրջ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու մարդածին այս աղետը։

«Առաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Մենք չենք կարող անմասն մնալով հետևել, թե ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում։ Կարողություններիս սահմանում անելու եմ ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի ցանկացած հնարավոր դիվանագիտական գործիք՝ վերջ տալու այս դաժան շրջափակմանը»,- նշել է Փալոնը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---