Վարդանյան․ Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ վիճակը ծանր լինի

Վարդանյան․ Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ վիճակը ծանր լինի

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է՝ չեն լքի Արցախը, որքան էլ ծանր լինի իրավիճակը:

«Ամեն օր մենք դժվարին, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Միայն այդպես կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը։ Դա նաև հայկական աշխարհի պահպանման երաշխիք է», - ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառման մեջ Վարդանյանը նշել է` Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղությունը ձեռք չի բերվում հայերի կյանքի գնով։

«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսություն վարել այն մասին, թե ինչ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի համար։ Բայց մենք երբեք չենք հրաժարվել մեր հայրենիքում՝ Արցախում, արժանապատիվ, ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից»,-ասվում է գրառման մեջ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---