ԵՄ-ն 2 տարով քաղաքացիական նոր առաքելություն կգործուղի ՀՀ

ԵՄ-ն 2 տարով քաղաքացիական նոր առաքելություն կգործուղի ՀՀ

PanARMENIAN.Net - ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«ԵՄ Խորհուրդը (ԱԳ նախարարների մակարդակով) համաձայնեցրել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը (EUMA)։ Առաքելության խնդիրն է լինելու վստահության բարձրացումը ՀՀ սահմանամերձ շրջաններում և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ստեղծումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Առաքելության օպերատիվ շտաբը լինելու է Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը լինելու է Ստեֆանո Թոմաթը՝ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների EEAS-ի կառավարիչ տնօրենը: Առաջիկայում նշանակվելու է նաև տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է․ «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է մեկնարկում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապասրացման ջանքերին և սերտորեն համագործակցելու երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»։

Նշվում է, որ ի պատասխան Հայաստանի հարցման EUMA-ն պարեկություն կիրականացնի և զեկույցներ կներկայացնի իրավիճակի վերաբերյալ, ինչը կամրապնդի ԵՄ-ի ընկալումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև նպաստելու է միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակում։

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---