Պետդեպը մտահոգված է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ

Պետդեպը մտահոգված է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Պետդեպը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ է տիրապետում իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը:

Ի պատասխան լրագրողի հարցին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ պետքարտուղար Բլինքենի վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ, Փրայսը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։

«Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետն է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---