ԱՀ ԱԳՆ. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում

ԱՀ ԱԳՆ. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը՝ նշելով, որ այն խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։

«ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։

Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։

Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը լավագույն միջոցը չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում դրական փոփոխությունների հասնելու համար»,-ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում»,- ասված է մեկնաբանության մեջ։

Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։

Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---