10 հուլիսի 2023 - 11:42 AMT
ՌԴ հայկական կազմակերպությունները դիմել են Պուտինին՝ հորդորելով կատարել 2020-ի նոյեմբերին ստանձնած պարտավորությունները

Հուլիսի 4-ին Մոսկվայի ՀԱԵ Ռուսական և Նոր Նախիջևանի թեմի եկեղեցական համալիրում թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի նախագահությամբ տեղի է ունեցել ՌԴ հայկական կազմակերպությունների և առանձին անհատների ժողովը, որտեղ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչիրնի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված կրիտիկական վիճակը։

Ժողովի մասնակցիները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով պաշտպանել Լեռնայիան Ղարաբաղի հայերին ըստ ՌԴ կողմից 2020-ի նոյեմբերին «կամովին ստանձնած պարտավորությունների»,-գրում է Yerkramas.org-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 28-ին ադրբեջանական ագրեսիայի ակտի հետևանքով ԼՂ 4 զինծառայողի մահը կրկին հաստատեց, որ Ադրբեջանը մտադիր է «լուծել» ԼՂ հարցը ռազմական ճանապարհով։

«Նեոնացիստներն այսօր փորձում են ոչնչացնել հերոսական այդ ժողովրդին սովով, ցրտով, աղքատությամբ, բոլոր մարդկային իրավունքների ոտնահարմամբ, ուզում են ստիպել նրանց լքել իրենց հայրենիքը, տիրանալ նրա հողին և ոչնչացնել Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական քաղաքակրթությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ժողովի մասնակիցները նաև կոչ են արել ՌԴ ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման և անվտանգության ապահովման և ԼՂ ժողովրդի ազատ սոցիալ-տնտեսական գործունեության համար։ Նրանք նաև հավաստիացրել են Պուտինին, որ պատրաստ են իրենցից կախված ամեն ինչ անել այդ հարցերը լուծելու համար։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։