Զախարովան Փաշինյանից խոսելիս «վատ պարողին» է հիշել ու բողոքել Սիմոնյանի «լկտիության եզրին հասնող» հռետորաբանությունից

Զախարովան Փաշինյանից խոսելիս «վատ պարողին» է հիշել ու բողոքել Սիմոնյանի «լկտիության եզրին հասնող» հռետորաբանությունից

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անվտանգության առումով միայն 1 կենտրոնից կախվածությունը ռազմավարական սխալ էր, հայտարարել է, որ պետք է կարողանալ սեփական արարքների համար պատասխան տալ, ոչ թե անդադար ու ամեն առիթի ժամանակ մեղավորներ փնտրել։

Փաշինյանն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել էր նաև, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց առաքելությունը ԼՂ-ում, և որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից։

«Պետք է յուրաքանչյուրն ինքը պատասխանատվություն կրի և չբարդի մեղքը մեկ այլ անձի վրա։ Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում դա մի փոքր նման է վատ պարողի պատմությանը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է Sputnik Արմենիան։

Զախարովան նաև ասել է, թե վերջին շրջանում ՀՀ ներկայացուցիչները «լկտիության եզրին» հասնող հռետորաբանություն են թույլ տալիս Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակում և որ նման հռետորաբանությունը նրանց սազական չէ։ Զախարովան այսպես է մեկնաբանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքը, որը քննադատաբար էր արտահայտվել Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ինձ թվում է այդ հռետորաբանությունը, որը լկտիությանը նման մի բանի եզրին է, սազական չէ Հայաստանի քաղաքական գործիչներին։ Ես հասկանում եմ, որ այնտեղ նրանց մոտ, երևի, դերերն էլ բաշխված են՝ ով ինչ է ասում և ինչպես, բայց, այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ այդ ամենը սազական չէ մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հանրությունը՝ նման արտահայտություններ օգտագործելը։ Իսկ մենք այդպիսիք քիչ չենք լսում և տեսնում վերջին շրջանում»,–ասել է Զախարովան։

Սիմոնյանն ասել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է այն երկիրը, որը պետք է լինի երաշխավորը, այսինքն՝ ռուսական կողմը։ Սիմոնյանը հղում էր կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածք է, որը ՌԴ խաղաղապահների իրավասության ներքո է։ Ըստ խոսնակի հարց է առաջանում որտեղ է այդ տարածքը և որտեղ են ռուս խաղաղապահները։Սիմոնյանը հավելել էր, որ Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---