Միշել. ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորվեն

Միշել.  ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորվեն

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Այս մասին Միշելը գրառում է կատարել X սոցիալական հարթակու։

«Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վստահ լինելու, որ ամբողջությամբ պահպանվում է հրադադարը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալի կերպով երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է ապահովել անհապաղ հումանիտար աջակցության հասանելիությունը»,- գրել է նա։

Եվրամիության մամուլի ծառայությունը մանրամասներ չի ներկայացրել հեռախոսազրույցից, սակայն բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում ասել է լրագրողներին, որ Միշելը «իր խորը հիասթափությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը շատ բարդ է, միջազգային մակարդակում բացասական ռեզոնանս կա, այդ թվում ԵՄ–ում, որտեղ սեպտեմբերի 20–ի առավոտյան քննարկում է եղել պատասխանի տարբերակների շուրջ։ Բաքվի կիրառած միջոցներն ուղղակի անընդունելի են»,–ասել է աղբյուրը։

Ըստ աղբյուրի, Միշելը նաև կարևորել է միջազգային հանրության մասնակցությունը Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովմանը։

«Միշելը հայտարարել է, որ հիմա պետք է կենտրոնանալ հումանիտար վիճակի վրա։ Ադրբեջանը պետք է ապահովի ազգությամբ հայերի արժանապատիվ ապագան։ Միջազգային հանրության դերը կարևոր է անվտանգության ապահովման համար»,–ասել է եվրոպացի աղբյուրը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---