Բլինքեն. Բաքվի ուժային գործողությունները Ղարաբաղում հակասում են կարգավորման ջանքերին

Բլինքեն. Բաքվի ուժային գործողությունները Ղարաբաղում հակասում են կարգավորման ջանքերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը հակասում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է սեպտեմբերի 19-20–ի իրադարձություններին, հատկապես Ադրբեջանի ռազմական գործողություններին, մենք ցանկանում ենք հստակ ասել, որ Միացյալ Նահանգների ընդհանուր դիրքորոշման համաձայն՝ ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է մեր գործադրած ջանքերին, և ինչն ավելի կարևոր է, այն ջանքերին, որ երկու երկիրը գործադրում են տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղ լուծում գտնելու համար։ Դա բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից։ Երկու երկիրն էլ իրենց ներդրումն են ունեցել այդ գործում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մենք Եվրամիության հետ աջակցում ենք այս աշխատանքին, ուստի այն գործողությունները, որոնք մենք տեսանք, ուղղակի հակասում են այդ ջանքերին»,-ասել է Բլինքենը։

Նա նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---