Ճապոնիան $2 մլն-ի դրամաշնորհ կհատկացնի ԼՂ–ից բռնի տեղահանվածներին

Ճապոնիան $2 մլն-ի դրամաշնորհ կհատկացնի ԼՂ–ից բռնի տեղահանվածներին

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների համար։ Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ անհատույց միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով՝ 1 միլիոն դոլարը կփոխանցվի ԿԽՄԿ-ին, 1 միլիոնը՝ ՄԱԿ-ին։

Դրամաշնորհը կօգտագործվի այդ թվում ոչ պարենային ապրանքների, դեղորայքի ձեռքբերման համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---