Գալուզին․ Մեղրիի երթուղու շնորհիվ, որն Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցք» են կոչում, ՀՀ–ն լոգիստիկ հաբ կդառնա

Գալուզին․ Մեղրիի երթուղու շնորհիվ, որն Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցք» են կոչում, ՀՀ–ն լոգիստիկ հաբ կդառնա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ ԳալուզինըՌԲԿ–ին հարցազրույցում, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերաբացման հարցին, ասել է, որ Մեղրիի երթուղու ստեղծումը, որն Ադրբեջանում Զանգեզուրի միջանցք են անվանում, թույլ կտա Հայաստանին տրանսպորտային և լոգիստիկ հաբ դառնալ։

«2023–ի հունիսի 2–ին, երբ տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Մենք կարծում ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ և Ադրբեջանի միջև, այն է՝ Մեղրիի երթուղու ստեղծումը, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ․․․»,–ասել է փոխնախարարը։

Լրագրողը հարցրել է․ «Դուք խոսում եք Զանգեզուրի միջանցքի մասի՞ն»:

«Այնուամենայնիվ, խոսքը Հայաստանի տարածքով երկաթուղու մասին է, ուստի ես թույլ տվեցի ինձ օգտագործել Մեղրիի երթուղի անվանումը։ Այո, Ադրբեջանում այն անվանում են Զանգեզուրի միջանցք։ Ասենք այնպես, որ այդ ձևակերպումը բոլորին գոհացնի, մենք ակտիվորեն օգնում ենք ադրբեջանցի և հայ գործընկերներին պայմանավորվածության հասնելու հարցում։

Կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունն Անդրկովկասում ընդհանուր կայունացման շատ կարևոր գործոն կլինի։ Այն կնպաստի բոլոր անդրկովկասյան երկրների զարգացմանը, քանի որ այդ դեպքում Հայաստանը տրանսպորտային և լոգիստիկ հաբ դառնալու հնարավորություն կստանա, կամրապնդի և կընդլայնի իր տրանսպորտային կապերն Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։

Ադրբեջանն անխափան ռիթմիկ տրանսպորտային հաղորդակցություն, կապ կունենա երկրի երկու մասի միջև։ Եվ իրավիճակի ընդհանուր կայունացումն Անդրկովկասում կծառայի ՀՀ և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ձևավորմանն ապագայի համար։ Այնպես որ, մենք տրամադրված ենք հետագայում ևս առաջ մղել խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,– ասել է Գալուզինը։

Դիտարկմանը, թե շատերը ՀՀ–ում մտավախություն ունեն, որ նոր պատերազմ կլինի Սյունիքով այդ միջանցքի համար՝ Գալուզինն ասել է, որ հակասությունները Բաքվի և Երևանի միջև կարելի է հանգուցալուծել միայն բանակցությունների և փոխընդունելի լուծումներ գտնելու միջոցով։

«Դա տեսական առումով։ Իսկ գործնականում, մենք ելնում ենք այն դրույթից, որ եռակողմ աշխատանքային խումբը պետք է հետագայում ևս հավաքվի և շարունակի բանավեճը յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք այսպես թե այնպես կապ ունեն քննարկվող խնդիրների հետ։ Եվ անշուշտ, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքի շրջանակում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մատնանշած մտավախությանը, որ հնարավոր են ինչ–որ ռազմական գործողություններ, ապա ՌԴ–ն, այնուամենայնիվ, ելնում է նրանից, որ բոլոր խնդիրները ցանկալի է լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,–ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտվել է»։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---