ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ․ Ադրբեջանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ․ Ադրբեջանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները։

Մարգարյանը շեշտել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության սպառնալիքներին դիմակայելու գործում՝ այս համատեքստում հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացրած հայցը։

Նշվել է, որ ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար ոտնահարող երկիր, ինչի վառ դրսևորվումն է նաև շրջափակված ԼՂ բնակչության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը։ Այդ առնչությամբ նշվել է, որ Հայաստանը դիմել է Դատարանին՝ հայցելով միջանկյալ միջոցներ կիրառել, որպեսզի հնարավոր լինի ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

Իր ելույթում դեսպան Մարգարյանը շեշտել է, որ ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացումն ապահովելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---