ԵՄ խոսնակ. Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա՝ նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել

ԵՄ խոսնակ. Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա՝ նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել

PanARMENIAN.Net - Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո, հայտնում է Արմենպրեսը։

Նա նաև նշել է, որ նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից:

Հարցին՝ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում ի՞նչ է նախատեսում ԵՄ-ն անել, բացի ֆինանսական օժանդակությունից, Ստանոն պատասխանել է. «Նախ, ԵՄ-ն չի լռել։ Մենք շատ լավ գիտենք, որ, գուցե, հիասթափություն կամ քննադատություն կա, որ ԵՄ-ն բավականաչափ աշխատանք չի արել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը։ Ես կարող եմ հիշել այս հարցի վերաբերյալ բարձր հանձնակատարի և անդամ պետությունների միայն երկու շատ խիստ հայտարարություններ, կարող եմ հիշել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ ԵՄ բարձր ներկայացուցիչը Եվրամիության անունից հրապարակայնորեն հանդես եկավ խիստ դատապարտող ուղերձներով՝ արտահայտելով մեր ցնցված լինելը Լեռնային Ղարաբաղից մարդկանց անսպասելի տեղահանման և զանգվածային հեռանալու կապակցությամբ։ Այսպիսով, Եվրամիությունը բարձրաձայն էր, ոչ միայն հանրային տիրույթում, որովհետև մենք նույնն էինք անում միջազգային հարթակներում, որոնք, միգուցե, այնքան էլ բարձրաձայն և ոչ այնքան տեսանելի են լայն հանրության համար»։

Ըստ նրա՝ նույնը ԵՄ-ն անում էր երկկողմ հանդիպումներում։

«Ուղերձներ են եղել գործընկերներին, որոնք տեղին են այս համատեքստում․ ոչ միայն Ադրբեջանին, իհարկե, այլ նաև Ադրբեջանի դաշնակիցներին, քանի որ, ինչպես ասացի, ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մեզ համար կարևոր է բարձրաձայնել, երբ սկզբունքները խախտվում են: Եվ հետո մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը բռնի տեղահանվածներին։ Մենք շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս»,–ասել է նա։

Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել են, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը։

«Եվրամիությունը շատ թափանցիկ է, երբ խոսքը վերաբերում է երրորդ երկրների, մեր գործընկերների հետ հարաբերությունների կառավարմանը։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, և նորից՝ մեր երկկողմ համագործակցությունը մեկի հետ ուղղված չէ մյուսի դեմ։ Սա հենց մեր երկուսի միջև է, որը համահունչ է եվրոպական քաղաքականությանն ու սկզբունքներին, և Եվրամիությունն իրականում այն քիչ դերակատարներից է աշխարհում, որտեղ այս սկզբունքները շատ թափանցիկ են, շատ ներառական: Այնպես որ, մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։

Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն։ Բայց նորից եմ կրկնում՝ բացարձակապես ոչ մի պատճառ չկա քննադատելու այն, ինչ Եվրամիությունը ասում կամ անում է Հայաստանի համար: Սա շատ թափանցիկ է։ Դա ուղղված չէ որևէ մեկի դեմ, և մենք աշխատում ենք ազնվորեն և անկեղծորեն, որպեսզի տարածաշրջանում ավելի կայունություն մտցնենք՝ կանխելու ռազմական գործողությունները, կանխելու միակողմանի քայլերը, քանի որ, մեր սեփական փորձից ելնելով, կարծում ենք, որ հարցերը, խնդիրներն ու բախումները լավագույնս լուծվում են խոսելու, ներգրավվածության, բանակցությունների սեղանի շուրջ նստելու միջոցով։ Եվ դրա համար մենք միշտ ուրախ ենք և կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, որպեսզի պատրաստ լինենք նաև նպաստել կամ շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա Եվրամիության խորհրդի նիստի և արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո վերահաստատեցինք։

Այս շաբաթվա հանդիպմանը մենք կոչ արեցինք Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները և լուծել բոլոր առկախված խնդիրները՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով։ Իդեալական կլինի, եթե դա լինի մինչև տարեվերջ։ Մենք այստեղ ենք աջակցելու համար, բայց, իհարկե, չենք կարող պարտադրել։ ԵՄ-ն ազնիվ միջնորդ է՝ առանց որևէ թաքնված օրակարգի: Մեր միակ նպատակը խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումն է բոլորի համար»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---