Պետդեպ․ Վաշինգտոնը շարունակում է գործակցել Բաքվի հետ՝ Երևանի հետ կայուն խաղաղության կոչ անելով

Պետդեպ․ Վաշինգտոնը շարունակում է գործակցել Բաքվի հետ՝ Երևանի հետ կայուն խաղաղության կոչ անելով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու, հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը պարզապես դադարեցնի իր դիվանագիտական բոլոր հարաբերություններն Ադրբեջանի հետ, դա կհակասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին։

Շեշտելով, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ գործակցությունը դադարեցնելու մասին՝ Միլլերն ընդգծել է, որ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին, հայտնում է «Ազատությունը»։

Օ՛Բրայենն այցով Բաքվում է, որտեղ կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։

«Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել է վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից անցյալում», - հայտարարել է Միլլերը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը նաև շարունակում է համագործակցել Բաքվի հետ՝ կոչ անելով նրանց ձգտել կայուն խաղաղության Երևանի հետ։

«Դա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի առանցքում», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարի օգնականն Ադրբեջան կատարած այցի ընթացքում կբարձրաձայնի անկախ լրագրողների դեմ շարունակվող բռնաճնշումների մասին, Միլլերը պատասխանել է, թե չի ցանկանում կանխատեսող մեկնաբանություններ անել։

«Կարծում եմ՝ նա այնտեղ է այս գիշեր, վաղը հանդիպումներ կունենա։ Ես չպետք է կանխատեսեմ մասնավոր դիվանագիտական խոսակցությունները նախքան դրանց տեղի ունենալը: Բայց ես կասեմ, որ մարդու իրավունքները միշտ սեղանի վրա են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երբ մենք ունենք նման տեսակի դիվանագիտական ներգրավվածություններ»,–ասել է նա։

Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայենը Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել էր, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն»,- հայտարարել էր պետքարտուղարի օգնականը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---