Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է։

Ապրիլի 23-ին ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյանի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջև, մի խումբ անձինք փակել են ճանապարհը:

Ըստ հաղորդման՝ 54-ամյա և 31-ամյա երկու տղամարդ ցանկացել է անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն ճանապարհը փակած, ինքնությունը պարզված և դեռևս չպարզված մի խումբ անձինք խոչընդոտել են նրանց ընթացքը։ Այդ պատճառով վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ճանապարհը փակած անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերոնշյալ երկու անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նույն օրը՝ ժամը 12:10-ի սահմաններում, ևս մեկ անձ իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել այդ ճանապարհահատվածով, սակայն ճանապարհը փակած անձինք խոչընդոտել են ավտոմեքենայի ընթացքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, և դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ձեռքերով և փայտերով հարվածներ են հասցրել վերոնշյալ տղամարդու կողմից վարած ավտոմեքենային:

Վերը նշված դեպքի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել մեկ այլ անձ, ով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2024թ. ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ապրիլի 23-ին վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել է 5 անձ։

Նույն օրը ոստիկանությունից նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 15:50-ի սահմաններում 54-ամյա անձը 50-ամյա տղամարդու և մի շարք այլ անձանց հետ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, դրսևորել բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակության, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, որի ընթացքում 54-ամյա անձը հայհոյանքներ է հնչեցրել 69-ամյա մի տղամարդու հասցեին, իսկ 50-ամյա անձը ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ երկու միջադեպերն էլ առնչվում է նույն անձանց, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով նշված երկու վարույթները միացվել են և հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---