Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել

Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ, մասնակցել է պատարագի արարողությանը սբ Գայանեում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչ արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն իր քարոզում, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց ցեղասպանությանը, նշել է, որ Աստված օրհնել է հայ ժողովրդին և վերականգնել հայոց պետականությունը պատմական Հայաստանի արևելյան հատվածում։

«Մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, և ամոքել իր վերքերը։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից և թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության․․․ Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։ Չվախենանք երբեք և շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետև նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»,–ասել է նա։

Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։

Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվել է դեպի Մայր տաճարի շրջափակ, որտեղ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---