Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին

Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը։ Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին:

Նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Նշվում է, որ արդյունքում ոստիկանությունը կստանա հնարավորություն առավել արդյունավետ կատարելու իր գործառույթները հասարակական կարգի և անվտանգության պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման և բացահայտման ոլորտում, ինչպես նաև կընդլայնվի ոստիկանության փոխհամագործակցությունը մասնավոր տնտեսվարող սուբյեկտների հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ։

Գործարանային տեխնիկական բնութագրով տեսահսկման սարքերով կահավորում նախատեսված ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահների, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենաների տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի տեսահսկել ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենայի, ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ։

Համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում Էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը կպարտավորվի իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել ոստիկանությանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---