Օկուպացված Արցախում բռնկված հրեդը դեռ չեն մարել․ Կրակը մոտենում է Տիգրանակերտին և Ամարասին![]() 28 հուլիսի 2025 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար, հայտնում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։ Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է մոտ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով արդեն վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ։ Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։ Միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները՝ իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։ Լուսանկարում ներկայացված է հրդեհների տարածման քարտեզը՝ ըստ NASA LANCE/FIRMS համակարգի տվյալների։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |