Ալիև․ Խաղաղության պայմանագիրը կստորագրենք, երբ ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը

Ալիև․ Խաղաղության պայմանագիրը կստորագրենք, երբ ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց՝ ընդգծելով, որ փաստացի խաղաղությունը արդեն հաստատվել է։

«Մեր դիրքորոշումը երկար տարիներ փոխանցվել է հայկական կողմին․ Հայաստանի Սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ։ Հենց որ այդ փոփոխությունները կատարվեն, արդեն հաջորդ օրը մենք կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը», – հայտարարել է Իլհամ Ալիևը, գրում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի պետության ղեկավարը նաև ասել է, թե «երկու երկրների միջև խաղաղությունն արդեն հաստատվել է»։

«Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ ստորագրված Համատեղ հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, դե-ֆակտո նշանակում են խաղաղության հաստատում։ Դրա ձևական կողմը կախված է Հայաստանից։ Որքան շուտ Սահմանադրությունում կատարվեն փոփոխությունները և այնտեղից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այնքան արագ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», – պարզաբանել է ադրբեջանական առաջնորդը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ է կապել նաև TRIPP նախագծի առաջխաղացումը: Այդ մասին նա ասել է «Եվրասիայի ռազմավարական կարգի ձևավորում․ Միջին միջանցք — եվրոպական անվտանգության օրակարգ կայունության, խաղաղության և փոխկապակցվածության ոլորտում» խորագրով պանելային քննարկմանը, որը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, գրում է Minval.az-ը:

Նախարարը նշել է, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման և TRIPP նախագծի առաջխաղացման համար՝ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն, անհրաժեշտ է վերացնել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությունում»։

Նա ընդգծել է, որ դեպի Հայաստան բեռների մատակարարման համար տարանցիկ սահմանափակումների վերացումը և ադրբեջանական նավթամթերքների արտահանումը նպաստել են աննախադեպ կայուն միջավայրի ձևավորմանը։ Ի պատասխան՝ Հայաստանը թույլ է տվել բեռների արտահանում երրորդ երկրներ Ադրբեջանի տարածքով, իսկ վերլուծաբանների և փորձագետների հանդիպումները դարձել են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց։

Լրագրողների հետ զրույցում տրանսպորտային ուղիների թեմային է անդրադարձել նաև Ալիևը:

«Մենք վաղուց ենք հանդես գալիս միջանցքների ստեղծման նախաձեռնությամբ՝ սկսելով էներգետիկ միջանցքներից, շարունակելով տրանսպորտայինով, իսկ այժմ արդեն նաև էլեկտրական և օպտիկամանրաթելային ուղղություններով։ Ուստի, մեր երկրի ներուժի ամրապնդման և միջազգային կապերի զարգացման հետ մեկտեղ, մենք գործող փոխկապակցվածության հայեցակարգին ավելացնում ենք նոր բաղադրիչներ։

Եթե նավթագազային խողովակաշարերը կարելի է համարել արդեն կայացած փաստ, թեև կա գազատրանսպորտային ենթակառուցվածքը ընդլայնելու անհրաժեշտություն, եթե երկաթուղային հաղորդակցության հետ կապված հարցերը մասամբ լուծված են, և Ադրբեջանը լուրջ դժվարություններ չի ունենում ոչ տարանցիկ փոխադրումների ապահովման, ոչ էլ սեփական արտադրանքի արտահանման հարցում, թեև Զանգեզուրի միջանցքը լրացուցիչ ներդրում կլինի այդ ուղղությամբ, ապա էլեկտրական մալուխների, օպտիկամանրաթելային գծերի, տվյալների կենտրոնների և արհեստական բանականության գործունեության արդյունքում տեղեկատվության փոխադրման և տարանցման հետ կապված հարցերն այսօր այն ուղղություններն են, որոնցով մենք կոնկրետ զբաղվում ենք»,-ասել է նա:

ՀՀ-ն հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---