Ուրուգվայում Հայաստանը ներկայացվել է որպես նոր զբոսաշրջային ուղղություն

Ուրուգվայում Հայաստանը ներկայացվել է որպես նոր զբոսաշրջային ուղղություն

PanARMENIAN.Net - Ուրուգվայի հայտնի զբոսաշրջային գործակալություններից Hiperviajes-ը հայտարարել է, որ Հայաստանը ներառել է իր առաջարկների ցանկում՝ որպես նոր և հեռանկարային զբոսաշրջային ուղղություն, հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանատունը:

Դեսպանատանն անցկացվել է «Հայաստանը՝ պարտադիր այցելելու վայր» խորագրով միջոցառումը:

Նշվել է, որ միջոցառման ընթացքում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացին, կառավարության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերին ու բարեփոխումներին, ինչպես նաև երկրի հարուստ մշակութային ժառանգությանը, բնական տեսարժան վայրերին և բազմազան զբոսաշրջային հնարավորություններին։

Դեսպանն ընդգծել է, որ պատմամշակութային արժեքներով հարուստ, անվտանգ և զարգացած ենթակառուցվածքներով Հայաստանը միջազգային զբոսաշրջիկների շրջանում առաջացրել է աճող հետաքրքրություն՝ ներկայացնելով նաև վերջին տարիներին արձանագրված վիճակագրական ցուցանիշները։

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև Hiperviajes ընկերության գործադիր տնօրեն Ֆերնանդո Ռիվասը, կորպորատիվ ղեկավար Անդրեա Բեժոլիոն և վաճառքի պատասխանատու Էուխենիա Կալվետտեն։ Նրանք ներկայացրել են Հայաստան այցելելու հնարավորությունները, առաջարկվող երթուղիները և տարվա բոլոր եղանակներին նախատեսված զբոսաշրջային փաթեթները։

Միջոցառման ավարտին կազմակերպվել է հայկական ուտեստների հյուրասիրություն։

Միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարության, Զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի, ոլորտի ավելի քան երկու տասնյակ ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև սենատոր, Զբոսաշրջության նախկին նախարար Լիլիամ Կեչիչյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---