Օվերչուկ․ Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա ՀՀ ժողովրդի ցանկացած ընտրության![]() 15 մայիսի 2026 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա ՀՀ ժողովրդի ցանկացած ընտրության, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Երևանի և Արևմուտքի միջև հնարավոր մերձեցման վերաբերյալ տեղեկություններին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինչ-որ փուլում ՀՀ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵՄ և ԵԱՏՄ միջև, եթե որոշի դա անել, հայտնում է Interfax-ը: «Հայաստանը մեզ համար շատ մոտ երկիր է, դաշնակից երկիր է, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ է։ Մեզ միավորող մարդկային կապերը խորը, շատ լուրջ և վաղեմի են։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին։ Եվ, իհարկե, ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը»,- ասել է նա «Ռուսաստան-Իսլամական աշխարհ․ KazanForum 2026» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանում լսում են «Երևանի և Արևմուտքի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի հստակ ազդակները»։ Օվերչուկը շարունակել է, որ Ռուսաստանը բազմիցս նշել է՝ ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում անդամակցությունը անհամատեղելի են, և Հայաստանում նույնպես դա «շատ լավ հասկանում են»։ «Հայաստանի ղեկավարները նույնպես խոսում են այդ մասին՝ նշելով, որ այս երևույթները անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն կատարել այդպիսի ընտրություն, եթե որոշեն գնալ այդ ճանապարհով։ Մեր կողմից նույնպես փորձում ենք գործընկերներին փոխանցել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ կապակցությամբ։ Ի վերջո, դա նրանց ընտրությունն է»,- ասել է Օվերչուկը։ Նա նաև հիշեցրել է, որ մայիսի 29-ին կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ «Հավանաբար, այնտեղ նույնպես այս հարցը որևէ ձևաչափով կքննարկվի»,- ասել է Օվերչուկը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները: Լավրովը շեշտել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները քննարկվելու են մայիսի վերջին Ղազախստանում նախատեսված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարող մասնակցել այդ հանդիպմանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |