ՊԵԿ-ը 2.6 մլրդ դրամի չհայտարարված շրջանառություն է հայտնաբերել մարզական համալիրներից մեկում![]() 9 հուլիսի 2026 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք, հայտնել է ՊԵԿ-ը։ Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել մոտ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերը և գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայտվել են ընկերության հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում մոտ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։ Այսպիսով, նախնական հաշվարկներով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 849 միլիոն դրամ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակել է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ՝ իրավական գնահատականի»։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |