ՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար ուսումնասիրում է կապալառուների շուկան

ՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար ուսումնասիրում է կապալառուների շուկան

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մոտ 2 միլիարդ դրամի վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման նպատակով պատրաստվում է կապալառու կազմակերպություն ընտրել։ Ընկերությունը նախ մտադիր է ուսումնասիրել կապալառուների շուկան:

ՀԷՑ-ը նախատեսել է բաց մրցութային գործընթաց անցկացնել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման նպատակով։

Մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու համար ընկերությունը նախատեսել է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն՝ գնահարցումներ ուղարկելով տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող հնարավորինս լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտների։

Մասնակցությամբ հետաքրքրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 20-ը ներառյալ պետք է ընկերության հայտարարությունում նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն։

Սահմանված ժամկետի ավարտից հետո ՀԷՑ-ն անցնելու է գնման հետագա գործընթացների կազմակերպմանը։

ՀՀ կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց: Կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այդ չափը անընդունելի էր համարել, և մայիսի 25-ին ՀՀ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---