Լավրովը «3+3» հանդիպման հույս է հայտնել, Բայրամովը՝ խոսել ՀՀ հետ փաստացի խաղաղության մասին

Լավրովը «3+3» հանդիպման հույս է հայտնել, Բայրամովը՝ խոսել ՀՀ հետ փաստացի խաղաղության մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ակնկալում է, որ խորհրդատվական տարածաշրջանային «3+3» ձևաչափի հերթական նախարարական հանդիպումը՝ բոլոր վեց երկրների մասնակցությամբ, տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովn Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակում մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կհամաձայնեցնեն նախարարական հաջորդ նիստերի ժամանակացույցը, և մենք կորոշենք, թե այն որտեղ կանցկացվի՝ Բաքվում, թե Երևանում», - ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը նշել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները հենց մասնակից երկրների ուժերով հաղթահարելու համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է այս մեխանիզմի կարևորությունը, իսկ հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ձևաչափի բոլոր վեց մասնակից երկրների փորձագետների հանդիպումը։

Նախարարը նաև ընդգծել է բազմակողմ համագործակցության կարևորությունը Կասպյան հնգյակի և այլ միջազգային ձևաչափերի շրջանակում, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի։

Բայրամովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորվել են նոր իրողություններ և անվտանգության նոր համակարգ, հայտնում է APA-ն:

Ջեյհուն Բայրամովը նաև նշել է, որ քննարկումների ընթացքում ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ վիճակի մասին։

«Այսօր վստահությամբ կարելի է ասել, որ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ստեղծում են տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելու բացառիկ հնարավորություն»,-ասել է նա:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---