Ջրային կոմիտեն նախատեսում է տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում

Ջրային կոմիտեն նախատեսում է տեխնիկական աուդիտ անցկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում

PanARMENIAN.Net - Ջրային կոմիտեում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում անկախ տեխնիկական աուդիտ անցկացնելու հարցը՝ 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշներն ու մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով։ Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Ըստ հաղորդագրության, անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին:

Նշվում է, որ գնահատման հիմնական կատարողական ցուցանիշները լինելու են մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը և բաժանորդների գոհունակության աստիճանը։

Նախատեսվել է նաև պատահական ընտրանքի սկզբունքով անցկացնել բաժանորդների գոհունակության հարցումներ, որոնց արդյունքները ներառվելու են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների ցանկում։

Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշները չապահովելու դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են ծառայելու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։

Վերջին օրերին Բյուրեղավան խոշորացված համայնքում գրանցվել են աղիքային վարակի դեպքեր։ Բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել «Վեոլիա Ջուր» ընկերության մոտ՝ դժգոհելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ ջրի որակի հետ կապված խնդիր չի արձանագրվել, սակայն Բյուրեղավանում իրականացվում են ջրի լրացուցիչ հետազոտություններ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---