Կարեն Կարապետյան. Ավանը պետք է օրինակ դառնա մյուս վարչական շրջանների համար

Կարեն Կարապետյան. Ավանը պետք է օրինակ  դառնա մյուս վարչական շրջանների համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ ծանոթացել է Աճառյան 18-22 շենքերի բակում կատարված աշխատանքներին: Այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Ավան վարչական շրջանի բարեկարգ և օրինակելի բակերի շարքը: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ և զրուցարան, տարածքն էլ բարեկարգվել ու ասֆալտապատվել է` բակը վերածելով յուրատեսակ հանգստի գոտու:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից, Կարեն Կարապետյանը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին մշակել և ներկայացնել տարածքում ոռոգման ցանցի անցկացման և թեք տանիք ունեցող շենքերի կտուրների նորոգման ծրագիր: Իսկ բարեխիղճ աշխատանքի համար, որպես խրախուսանք, քաղաքապետը խոստացել է համատիրությանը նվիրել խոտ հնձող ժամանակակից սարքավորում:

Կարեն Կարապետյանին գոհացրել են նաև Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում գտնվող կատարված աշխատանքները, որտեղ խնամված ու ծաղկային ձևավորումներով հագեցած էին բոլոր սիզամարգերն ու ծառուղիները: Այս համատիրության վարձավճարների հավաքագրման ցուցանիշը ևս արժանացել է քաղաքապետի գնահատանքին: Այդ ցուցանիշն այստեղ կազմում է շուրջ 85 տոկոս, ինչն, ի դեպ, եզակի երևույթ չէ Ավան վարչական շրջանում: Ծանոթանալով ու գնահատելով Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանում կատարված աշխատանքները, Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ բակն ավելի կընդլայնվի ու տեսքն էլ կամբողջանա, երբ ցանկապատերից ազատվեն բոստանային տարածքները։ Ըստ այդմ, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանելու հստակ հանձնարարականներ են տրվել:

Քաղաքապետի աչքից չի վրիպել նաև Նարեկացի թաղամասի 32-ից 37 շենքերի բարեկարգ բակը, որտեղ ստեղծված են բակային հանգստի բոլոր պայմանները թե երեխաների, և թե մեծերի համար: Այստեղ է տեղակայված հուշարձանը, որն, իր տեսակի մեջ ճարտարապետության եզակի նմուշներից է: Բակում գործում է նաև շախմատի դպրոց: Կարեն Կարապետյանը համատիրության նախագահին և բնակիչներին շնորհակալություն է հայտնել հոգատար վերաբերմունքի համար և խոստացել նվիրել նոր խոտհնձիչներ և բակի բարեկարգման ու խնամքի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:

Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին ներկայացրել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվող բարեկարգման աշխատանքները, նշելով, որ շուտով եկեղեցու տանիքն էլ կվերանորոգվի: Առանձնահատուկ հոգածություն է դրսևորվում նաև թաղամասի բարեկարգմանն ու կանաչապատմանը: Կանաչ տարածքներն ու ծաղկանոցները ամենօրյա ուշադրության կենտրոնում են: ,Իսահակյանե թաղամասում էլ քաղաքապետն ականատես է եղել ճեմուղիների ձևավորման ընթացող աշխատանքներին: Բակային խաղերը, նստարաններն ու զրուցարաններն այստեղ վաղուց արդեն իրականություն են: Այս տարի տեղադրվել են նաև բարեգործական հիմնադրամի տրամադրած մարզասարքերը: Ծավալված աշխատանքներից քաղաքապետն այստեղ էլ է գոհ է մնացել ու խոստացել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող շքամուտքերի բարեկարգման աշխատանքների շրջանակում օժանդակել: Ավան վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար, ընդգծել է, որ աղբահանության և կանաչապատման ուղղությամբ վարչական շրջանում կատարված աշխատանքներն իրավամբ պետք է օրինակելի դառնան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---