Վասիլի Աթաջանյան. Ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ անկախ կարգավիճակը![]() 13 փետրվարի 2012 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական և ձեռնարկչատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: «Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական մի հատվածը, հարկադրաբար ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Լեռնային Ղարաբաղի խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ գտնվելու ամբողջ 75 տարիների ընթացքում Բաքուն իրականացնում էր բնիկ հայ բնակչությանը երկրից վտարելու քաղաքականությունը»,- նշել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը: Դրա հետ նա նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԼՂՀ ժողովրդին հաջողվել է հռչակել կատարյալ իրավական հիմքի վրա անկախ պետություն և կասեցնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ստեղծել է քաղաքակիրթ, ժողովրդավարական հասարակություն: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին, Վասիլի Աթաջանյանը նշել է պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը, որը փաստորեն խափանում է բանակցային գործընթացը: Նրա խոսքերով առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Վասիլի Աթաջանյանը պատասխանել է հյուրերի հարցերին` կապված տարածաշրջանային գրրծընթացների, ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ: Պատվիրակության անդամները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով ԼՂՀ –ում ծրագրերի իրականացման համար: Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և պատվիրակության անդամներին, ինչպես նաև այցի կազմակերպչին` Եվրոպայի Հայկական Միությունների համաժողովի նախագահ` Աշոտ Գրիգորյանին, ղարաբաղյան ժողովրդի արդար պայքարի հետևողական և բաց աջակցության համար, նրանց հանձնելով հուշանվերներ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |