Այսուհետ հնարավոր կլինի բացահայտել և կանխարգելել գինեգործական արտադրանքի կեղծումը

PanARMENIAN.Net - Սույն թվականի փետրվարի 22-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ֆրանսիական Bruker Biospin և Eurofin ընկերությունների ներկայացուցիչներ Ալեն Ուլոն և Մարսել Դյումուշեն ներկայացրեցին ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը:

Մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առևտրային կցորդ Ժյուլիեն Վելքոֆը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվ տանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները և հայ գինեգործների միության ներկայացուցիչները:

Նշված լաբորատոր սարքավորման նկատմամբ հետաքրքրությունը բխում է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքից, որի համաձայն լիազոր մարմինը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի պետք է կատարի գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և վարի հանրապետությունում արտադրված խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ, որը հնարավորություն կտա նույնականացնելու գինեգործական արտադրանքը, որոշելու դրանց ծագումն ու բաղադրությունը, բացահայտելու և կանխարգելելու արտադրանքի կեղծումները:

Արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննությունը հնարավոր է իրականացնել միայն ատոմամագնիսական ռեզոնատոր «SNIF-NMR» լաբորատոր սարքի միջոցով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ նախօրեին վերը նշված ընկերությունների ներկայացուցիչներն ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը ներկայացրեցին Ստանդարտների ազգային ինստիտուտում, որին մասնակցում էին հայկական կոնյակագործների և հայ գինեգործների միությունների, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների և գինեգործական արտադրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---