Սահմանադրական խորհրդի որոշումը չի արտահայտում Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումը, գտնում է Վարժապետյանը

Սահմանադրական խորհրդի որոշումը չի արտահայտում Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումը, գտնում է Վարժապետյանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցի վերաբերյալ ֆրանսիական իշխանությունների դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա, վստահ է Փարիզում «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը բացատրել է խորհրդի անդամների վրա թուրքական ճնշմամբ, ինչպես նաև թուրքական շրջանակների հետ խորհրդի որոշ անդամների գործարար և այլ կապերով:

Վարժապետյանն իր զարմանքն է արտահայտել Սահմանադրական խորհրդի որոշմամբ, որը հակասում է երկրի նախագահի, խորհրդարանի վերին և ստորին պալատների, ընդդիմության առաջնորդ Ֆրանսու Օլլանդի դիրքորոշմանը: Այս կապակցությամբ նա հիշեցրել է Սարկոզիի խոստումի մասին` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ շրջանառության մեջ դնելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հայ համայնքի հետագա քայլերին, ապա «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ իրենք մտադիր են ամենակարճ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակմանը: «Մենք երբեք զենքը վայր չենք դնի»,- ընդգծել է նա:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօրվա նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---