Մաշտոցի պուրակում վաղը տեղի կունենա խոշոր բնապահպանական ֆորում

PanARMENIAN.Net - Մաշտոց պողոտայի պուրակում վաղը կկայանա խոշոր բնապահպանական ֆորում` նվիրված երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերին` հիմնված ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների վրա:

Ֆորումի ընթացքում լայն հանրությանը կներկայացվեն մասնավորապես հանրային կանաչ տարածքների և հանքարդյունաբերության, ինչպես նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները: Կհնչեն ելույթներ և քննարկումների հարթակներ կլինեն: Նախատեսվում է ընդունել մասնակիցների անունից համատեղ հայտարարություն:

Ֆորումին զուգահեռ կկազմակերպվեն լուսանկարչական ցուցահանդեսներ հետևյալ խորագրերով` «Երևանի կանաչ, ընդհանուր օգտագործման տարածքների վիճակը» և «Հանքարդյունաբերության հետևանքները»:

Մաշտոցի այգու կառուցապատման դեմ պայքարը սկվեց 21 օր առաջ: Շարժմանը մասնակցում են քաղաքացիական նախաձեռնություններ, մասնավորապես` «Մենք ենք մեր քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները և ՀՀ բազմաթիվ ինքնորոշված քաղաքացիներ: Շարժման գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերականգնել հանրային տարածքը` ի շահ հանրային սեփականության իրավունքի:

Չնայած այն փաստին, որ այգու պաշտպաններին հաջողվել է կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրն ուղղորդել իրավական հարթակ, այնուհանդերձ մինչ օրս չի կայացվել պաշտոնական որոշում շինարարության դադարեցման, կրպակների ու սրճարանի ընդլայնված հատվածի ապամոնտաժման և պուրակը բարեկարգելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---