Պաշտոնական Բաքուն վախենում է Ստեփանակերտի օդանավակայանի բացումից

Բռնապետերն ընդհանրապես սիրում են ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռներ, և այդ առումով Իլհամ Ալիևը հեռու չի գնացել Մուամար Քադաֆիից

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կարող է և պետք է սառը ցնցուղ դառնա ադրբեջանցի պաշտոնյաների համար, որոնք օգտվում են Արցախի ցանկացած տեղեկատվությունից իրենց ռազմատենչությունը ողջ աշխարհին ցույց տալու համար: Ընդ որում պետք է նշել, որ ռազմատենչությունը լիովին անհիմն է և նախատեսված սեփական քաղաքացիների համար, քանի որ Բաքուն ի վիճակի չէ վախեցնել Արցախի ժողովրդին:

PanARMENIAN.Net - Օդանավակայանի բացումը նվիրվում է Շուշիի ազատագրության օրվան, և ոչ ոք չի կասկածում, որ այն բացվելու է հենց մայիսի 9-ին: ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանի խոսքերով, Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ է լինելու շահագործման: Ատբաշյանի հայտարարությունից հետո հաջորդ օրը Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը: Ըստ նրա, «ICAO-ի ղեկավարությունը խորհուրդ է տվել ջանքեր գործադրել՝ խուսափելու համար հնարավոր բացասական երևույթներից տարածաշրջանում»: Բարձրագոչ հայտարարություններ անող ադրբեջանցի պաշտոնյաները հազիվ թե պատկերացնում են այն բանի հետևանքները, որի մասին այդքան քաջաբար հայտարարում են: Նկատենք, որ բռնապետերն ընդհանրապես սիրում են ոչնչացնել ուղևորային ինքնաթիռներ, և այդ առումով Իլհամ Ալիևը հեռու չի գնացել Մուամար Քադաֆիից: Տարբերությունը միայն նրանում է, որ լիբիական առաջնորդն իսկապես ոչնչացրել է ինքնաթիռներ, իսկ Ալիևը վախենում է: Բայց համենայն դեպս նրա անունից կատարվում են հայտարարություններ, որոնք պետք է լրջորեն ընդունվեն միջազգային հանրության կողմից: Կարելի է նույնիսկ ասել, որ պաշտոնական Բաքուն վախենում է Ստեփանակերտի օդանավակայանի բացումից, որը Լեռնային Ղարաբաղի համար կդառնա ևս մի պատուհան դեպի աշխարհ: Չի բացառվում մարդկանց քանակի ավելացումը, որոնք կցանկանան այցելել ԼՂ, և հենց դա դուր չի գալիս Իլհամ Ալիևին: Չի բացառվում նաև Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» ընդլայնումը…

Դատելով ամեն ինչից` պաշտոնական Բաքվի նման հիստերիան Արցախի Հանրապետության դեմ մինչև վերջ մտածված չէր, քանզի իշխանությունն Արիֆ Մամեդովի միջոցով պատասխան է ստացել դեսպան Մեթյու Բրայզայի կողմից, որն ակնհայտորեն անսպասելի էր Ադրբեջանի համար: Նա հայտարարել է Ադրբեջանի կողմից ԼՂ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժ կիրառելու անթույլատրելիության մասին: Իսկ Բաքուն կրկին մոռացել է մի պարզ ճշմարտություն. որքան էլ դեսպանը լավ վերաբերվի իր դեսպանության երկրին, նրա համար գլխավորն այն երկրի շահերն են, որը նա ներկայացնում է, այս դեպքում` ԱՄՆ-ի: ԱՄՆ-ը, որը փակել է աչքերը և ականջներն Ադրբեջանի սպառազինության, ռազմատենչ հռետորության, հրադադարի ռեժիմի խախտումների վրա, վերջապես հասկացնել է տվել Ալիևին, որ իր համբերությունն անսպառ չէ: Բաքվին տրվել է գործողությունների ազատություն, բայց հստակ որոշված սահմաններում: Վաշինգտոնը հիանալի հասկանում է, որ նույնիսկ Արցախի երկնքում քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու փորձը կհանգեցնի պատերազմի:

Իսկ թե ինչ կստացվի դրանից, դժվար չէ կանխագուշակել: Ռուսաստանը և Իրանը անտարբեր չեն մնա, Թուրքիան և ԱՄՆ-ը` նույնպես, և կսկսվի տարածաշրջանային պատերազմ, որը հեշտությամբ կարող է տարածվել ողջ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում: Առավել ևս, որ ներկա պայմաններում լուցկին բավարար է աշխարհի կեսը հօդս ցնդեցնելու համար: «Իր սպառնալիքներով Ադրբեջանը փորձում է վախեցնել արցախցիներին և ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները զերծ մնան օդանավակայանի ծառայություններից: Մենք վճռական ենք տրամադրված Ստեփանակերտի օդանավակայանը բացելու հարցում, և մեզ ոչինչ չի կարող խանգարել իրականացնել դա: Եթե ադրբեջանական կողմը փորձի անգամ իրականացնել ասածը, ապա դա հղի կլինի անկանխատեսելի հետևանքներով հենց Ադրբեջանի համար»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---