// IP Marketing video - START// IP Marketing video - END

Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան եռապետության մեջ Հայաստանը տեղ չունի

Իսրայելին կարելի է հասկանալ՝ պետությունը շրջապատված է թշնամիներով և ստիպված է լինում ընտրել չարյաց փոքրագույնը, տվյալ դեպքում՝ Թուրքիան և Ադրբեջանը

Յուրաքանչյուր պետություն բարեկամություն է անում այն երկրի հետ, որի հետ շահավետ է: Դա հին և ծեծված ճշմարտություն է, սակայն հարկ է լինում կրկնել ամեն անգամ, երբ երկիրը, սերտորեն համագործակցելով, օրինակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Հայաստանի համար դառնում է համարյա փակ գոտի: Նման բան տեղի է ունենում Ադրբեջանում, որին բոլորովին դուր չեն գալիս հայ-իրանական համագործակցությունը և նորմալ հարաբերությունները:

PanARMENIAN.Net - Հայ-իսրայելական հարաբերությունները երբեք սերտ և փոխշահավետ չեն եղել, երկու երկրները պահպանել են միմյան նկատմամբ չեզոքությունը: Բայց ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո Իսրայելն անցավ Ադրբեջանի կողմը, ինչը զարմանալի էր: Հնարավոր է, այստեղ դեր խաղաց այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո պարզվեց, որ Իսրայելն Ադրբեջանի հետ շփման ավելի շատ եզրեր ունի, քան Հայաստանի հետ: Ոչ պակաս կարևոր դեր խաղաց նաև Ադրբեջանի հրեական համայնքը: Բաքվում, ինչպես նաև այլ քաղաքներում, բնակվում էին ավելի շատ հրեաներ, քան Հայաստանում: Սակայն, ինչպես պարզվեց, ոչ այդքան շատ: Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 8-12 հազար հրեա, Ադրբեջանում՝ 30 հազար: Դա պաշտոնական վիճակագրություն է:

«Սոխնուտի» տվյալներով, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանում մնացել է 18 հազար հրեա: Հայաստանից մեկնել է ավելի քան 6 հազար հրեա: Թվաբանությունը թողնենք հաշվետվություն կազմողների խղճին: Հավանաբար, բանն այն է, որ Բաքվի հրեաների մեծ մասը մեկնել է Իսրայել, իսկ հետո... Իսկ հետո նրանք ողջ ուժերով սկսել են ամեն ինչ անել, որպեսզի, Աստված չտա, Իսրայելը չբարեկամանա Հայաստանի հետ: Միգուցե ամեն ինչ այդպես չէ, բայց Բաքվի հրեաների «ավանդը» հայ-իսրայելական հարաբերությունների բացակայության մեջ անհերքելի է: Եվ հիմա էլ նրանք, գալով Բաքու, օգտվում են առիթից ավելորդ անգամ «Լեռնային Ղարաբաղի վրա իրավունքի հարցումԱդրբեջանինն աջակցելու գործում»: Այսինքն անում են մոտավորապես նույնը, ինչ եթե հայերը մեկնեն երրորդ երկիր և սկսեն խոսել պաղեստինցիների իրավունքների մասին, ինչն անընդունելի է:

Բայց մի բան է խոսքով աջակցելը, մեկ այլ բան՝ Ադրբեջանին ժամանակակից զենքով սպառազինելը, հիանալի իմանալով, թե ուր կարող է կրակել այդ զենքը: Առկա է նաև Թուրքիայի գործոնը: Մինչև վերջերս Թուրքիան և Իսրայելը ռազմավարական դաշնակիցներն էին: Համենայն դեպս, նման տպավորություն էր ստեղծվել, և եթե այդ համագործակցությունը շարունակվում է, զարմանալի ոչինչ չկա: Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմարշն Իսրայելի դեմ, կապված «Ձուլածո արճիճ» օպերացիայի և Գազայի հատվածի «շրջափակման» հետ, մեկ նպատակ ունի՝ Թուրքիային ցույց տալ որպես իսլամական աշխարհի իրական դաշնակից, որը, ինչպես հայտնի է, ցանկանում է հրեական պետությունը ոչնչացնել աշխարհի երեսից: Իսկ Հայաստանի հետ հարաբերություններն ընդունվում են գրեթե որպես դավաճանություն: Իսրայելին կարելի է հասկանալ՝ պետությունը շրջապատված է թշնամիներով և ստիպված է լինում ընտրել չարյաց փոքրագույնը, տվյալ դեպքում՝ Թուրքիան և Ադրբեջանը: Հասկանալի է, այս եռապետության մեջ Հայաստանը տեղ չունի: Չունի՝ չունի, Հայաստանը նորմալ հարաբերություններ ունի այլ երկրների հետ: Եվ հետո, ինչպես արդեն նշվեց, ինչո՞ւ ողջ Արևելքը պետք է բարեկամություն անի Հայաստանի հետ: Բոլորովին անհասկանալի է:

Երուսաղեմում կա հայկական թաղամաս, պատրիարքություն, համայնք, որը 2 հազար տարեկան է: Կա հյուպատոսարան, կա նույնիսկ Հայաստանում Իսրայելի դեսպան, որը նստում է Երուսաղեմում... Բայց ոչ, մոտ ապագայում չեն նշմարվում իսկապես լուրջ հարաբերություններ: Այստեղ ոչ ոք մեղավոր չէ, ուղղակի այդպես է ստացվել: Միակ ցանկությունն այն է, որպեսզի հրեաները, մեկնելով Բաքու, չխոսեն երկրի մասին, որի մասին քիչ գիտեն և այդ երկրի գործերն իրենց չեն վերաբերվում: Հնարավոր է, նրանք չեն էլ խոսում, այլ ադրբեջանական մամուլն է ջանում: Հնարավոր է: Ակնհայտ է նաև այն, որ Ադրբեջանը նավթագազային թեմայի վերաբերյալ իր խարդախություններով բոլորին արդեն ձանձացրել է: Իսրայելն Ադրբեջանից գնում է նավթի 20 տոկոսը: Դա այդքան շատ չէ պայմաններ առաջադրելու համար, բայց քիչ էլ չէ ընկերական պարտքի մասին խնդրելու համար: Ինչն էլ Ադրբեջանն անում է՝ զուգահեռ գնելով զենք: Փաստորեն, նավթի վրա ծախսված փողերը վերադառնում են Իսրայել: Հայաստանն այդ առումով չի կարող ոչինչ տալ, և այդ պատճառով բարեկամությունը բացակայում է: Իսկ ինչ վերաբերվում է հակասեմիտականությանը, ապա դա ուղղակի հորինվածք է: Չի կարող Ցեղասպանություն ապրած ժողովուրդն ատել մեկ այլ ժողովրդի, որը Հոլոքոսթ է ապրել: Նույնիսկ եթե Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

Կարինե Տեր- Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է իրականանում Հոլիվուդ հասնելու երևանցի աղջկա երազանքը
Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում
Ազնավուրը՝ կյանքի, կանանց ու արվեստի մասին
Հայաստանի (և ոչ միայն) ամենատարօրինակ օրենքները
 Ուշադրության կենտրոնում
Շրի Լանկայում կրկին արգելափակել են սոցցանցերը

Շրի Լանկայում կրկին արգելափակել են սոցցանցերը Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա

 Բաժնի այլ նյութերը
Հոքինգից մինչև Ազնավուր Ում կորցրինք 2018-ին
Խաչապուրի bizimdir Վրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով
Ընտանեկան բռնություն, գարդասիլ ու ծխելու արգելք 2017-ի ամենահնչեղ 10 հասարակական իրադարձությունը