Ադրբեջանական քարոզչամեքենան չոքել է ԵԽԽՎ-ի դուռը. ԵԽԽՎ ամբիոնից կհնչի՞ հակայակական զեկույցը

Ադրբեջանական քարոզչամեքենան չոքել է ԵԽԽՎ-ի դուռը. ԵԽԽՎ ամբիոնից կհնչի՞ հակայակական զեկույցը

«ԵԽԽՎ անդամները պետք է հասկանան, որ երբ խառնվում են իրենց չվերաբերող հարցերին, խանգարում են բանակցություններին»,- ասում է Կիրո Մանոյանը

Ադրբեջանական քարոզչամեքենան չոքել է ԵԽԽՎ-ի դուռը: Այս անգամ էլ ադրբեջանցիները հակայակական զեկույց են փորձում խցկել ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան: Եթե Ադրբեջանին հաջողվի որևէ հանձնաժողովին ներկայացնել զեկույցը, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները կանվանվեն «օկուպացված» և ԵԽԽՎ պատգամավորներից մեկի շուրթերից Հայաստանը կմեղադրվի Ադրբեջանական հողերի «օկուպացիայի» մեջ:

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում կա ակտիվ պատգամավորների խումբ, որը միշտ պատրաստ է պրոադրբեջանական որոշումների կողմը լինելու: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց 1991-1995թթ. ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պրոադրբեջանական հնարավոր զեկույցին: Այն, որ ԵԽԽՎ-ի անդամներն այնքան էլ սկզբունքային չեն բոլոր հարցերի նկատմամբ, ասում է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա չի բացառում, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ նման քայլ կիրականացվի:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնարավոր զեկույցի մասին հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկություն չունի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ հունվարյան նստաշրջանում Եվրախորհրդի առաջ Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույց է լինելու, որում նաև Լեռնային Ղարաբաղի մասին հատված կա: «Զեկույցի հետ կապված հռչակագրի նախագծի երրորդ մասում նշվում է, որ Ադրբեջանի դեմ իրականացվել է ռազմական օկուպացիա: Լեռնային Ղարաբաղի հարցի հայտնվելը օրակարգում չափազանց կարևոր է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ զեկույցը պատրաստվել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության տվյալների հիման վրա, այլ ոչ Ադրբեջանի կողմից: Ես չեմ զարմանա, եթե հայերը փորձեն խոչընդոտել զեկույցի ներկայացմանը: Նրանք նաև կփորձեն ներկայացնել այն իբրև ոչ օբյեկտիվ փաստաթուղթ, քանի որ դրանում ներկայացված են նրանց ոճրագորությունները: Սա մեզ համար չափազանց կարևոր է»,- ասել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ կանոնակարգով այդպիսի դրույթ չկա, որ ազգային պատվիրակությունները զեկույց պատրաստելու իրավասություն ունենան, դա կարող են անել հանձնաժողովներում: «Ես չգիտեմ իրենք որ հանձնաժողովում ինչ են հաջողացրել, բայց ես հասկանում եմ Սամեդ Սեիդով խուճապը: Բանն այն է, որ այս նստաշրջանը բավականաչափ հագեցած է հակաադրբեջանական զեկույցներով»,- նկատեց նա և ավելացրց. «Ես հասկանում է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովի նպատակները: Իրենք ձգտում են ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունը շեղել իրենց երկրում տիրող խայտառակ իրավիճակից: Ադրբեջանին դա օդի ու ջրի պես անհրաժեշտ է: Դրանից ելնելով են փորձում ինչ-որ զեկույցներ դնել շրջանառության մեջ, բայց ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի ինչ-որ լուրջ հարց կարողանալ բարձրացնել»,- ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում վերածվել է «կույրաղիքի», որը մեծ քայլերով նահանջ է ապրում և այսօր հայտնվել է միջնադարում: Նա այս հայտարարությունը համարում է Ադրբեջանի և Սայադ Սեիդովի հերթական «հոխորտանքը»: «Սայադ Սեիոդովին անձամբ տեղեկացնում եմ, որ հայակական պատվիրակությունը ողջ կազմով լինելու է հունվարյան նստաշրջանին և ակտիվ մասնակցելու ենք Ադրբեջանի վերաբերյալ հարցերի քննարկմանը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Այն, որ Ադրբեջանը նման զեկույց պատրաստում է, ըստ Լարիսա Ալավերդյանի. ցույց է տալիս ոչ թե Ադրբեջանի ուժը, այլ հայկական կողմի չարված գործը: Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված այդ Մադրիդյան սկզբունքները հիմք են տալիս Ադրբեջանին միջազգային կառույցներում նման քայլերով հանդես գալ: «Անհրաժեշտ է վերջապես կողմերի հանդիպումներն ու այդ գործընթացը դարձնել բանակցություններ և ընդգրկել նաև ԼՂՀ-ն: Ֆորմատի այդպիսի փոփոխությունը կարող է հետագայում բերել այդ սկզբունքների իմաստավորմանը՝ այլ տեսակտետից: Մադրիդյան սկզբունքները կրկնվում են անփոփոխ և դրանցում ադրբեջանական ու հայկական կողմից օկուպացված են համարում այն տարածքները, որոնք միջազգային օրենքի ուղիղ իմաստով Ադրբեջանին չեն պատկանում, այլ հայկական են: Եթե դուք լինեք Ադրբեջանի փոխարեն, չեք օգտագործի՞ դա: Եկեք վերջ տանք այն հանդիպումներին, որոնք մեզ պարտադրում են որպես բանակցություններ»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Կիրո Մանոյանը նկատում է, որ եթե անգամ ԵԽԽՎ նստաշրջանում նման զեկույց լինի, դա չի նշանակում, որ Ղարաբաղի հարցը այլ հարթություն է տեղափոխվում: Միևնույն ժամանակ նա համոզված է, որ նման որոշումները չեն նպաստի բանակցություններին: « ԵԽԽՎ անդամները պետք է հասկանան, որ երբ խառնվում են իրենց չվերաբերող հարցերին, խանգարում են բանակցություններին: Ավելի ճիշտ կլինի, որ իրենք կենտրոնանան մի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության դեմ կատարված քայլերին, մյուս կողմից՝ անդրադառնան այն հարցին, որ միջազգային հանրության կողմից ճանաչված ԼՂՀ քաղաքացիներն են, որոնց նկատմամբ պետք է նախանձախնդիր լինել: Եվ իրենք պետք է այդ քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն»,- ասաց Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց, որ Արցախի հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ կմիանան եվրոպական մի քանի կոնվենցիաների, և որքան որ իրենցից է կախված այդ կոնվնցիաների պարտավորությունները կստանձնեն ու կիրականացնեն:

Թե ինչ զեկույց կհաջողացնի ադրբեջանական կողմը, հայտնի կլինի հունվարին: Մնում է հուսալ, որ հայկական պավիրակությունը ինչպես հարկն է կխոչընդոտի և թույլ չի տա, որպեսզի եվրոպական ամբիոնից որևէ հակայակական ելույթ հնչի կամ փաստաթուղթ ընդունվի:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---