Ներքաղաքական 2012-ը. Տարվա քաղաքական «հերոսներն» ու նրանց «սխրանքները»

Ներքաղաքական 2012-ը. Տարվա քաղաքական «հերոսներն» ու նրանց «սխրանքները»

Ներքաղական այս տարին կարելի է բաժանել՝ ԲՀԿ որոշումից առաջ և ԲՀԿ որոշումից հետո

Արդեն մի քանի օրից ավարտին կմոտենա 2012-ը: Այս տարին ներքաղաքական զարգացումների իմաստով բավական հետաքրքիր ու ինտրիգային էր: Գոնե մամուլի էջերում այդպիսի պատկեր հաստատ կար: Եթե մեր թվագրությունը սովորաբար բաժանում են Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո, ապա ներքաղական այս տարին կարելի է այսպես բաժանել՝ ԲՀԿ որոշումից առաջ և ԲՀԿ որոշումից հետո: Այս տարի մամուլի ակումբներում, լրատվամիջոցներում, քաղաքական և վերլուծական շրջանակներում ամենաքննարկված թեման Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելն էր: Եվ այսպես, հետհայացք Հայաստանի 2012-ի ներքին քաղաքականությանը կամ ամփոփում ենք տարին:

PanARMENIAN.Net - Կարելի է ասել, որ ներքաղաքական տարին փակեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մայիսից ի վեր սկսված նախընտրական քննարկումներին Տեր-Պետրոսյանը վերջ դրեց ընդամենը մի փոքրիկ հարցազրույցով՝ հայտարարեց, որ չի մասնկցելու նախագահական ընտրություններին և ճանապարհն ազատ է թողնում երիտասարդների համար:

Մինչ Տեր-Պետրոսյանը կհրաժարվեր ընտրություներին մասնակցելուց, ՀԱԿ անդամ «Ազատություն» կուսակցության համագումարում նախորդ օրը գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ազատության» համագումարից առաջ էլ տեղի էր ունեցել ՀՀՇ համագումարը, որի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կես կատակ կես լուրջ հայտարարել է, որ դիմել է գերտերություններին ու սպասում է նրանց պատասխանին, որից հետո կհայտնի ընտրությունների վերաբերյալ իր որոշումը: Փաստորեն գերտերությունները ՀՀ առաջին նախագահին բացասական պատասխան էին տվել (նույնքան կես կատակ, կես լուրջ):

ՀՀՇ համագումարին զուգահեռ՝ հարևանությամբ տեղի ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում որպես ՀՀ քաղաքացի, իսկ կուսակցությունն էլ քվեարկությամբ որոշեց սատարել նրա թեկնածությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը կարող է լինել քաղաքացիական հասարակության և ՀՀ քաղաքացիների միասնական թեկնածուն:

Նույն օրը, բայց ոչ հարևանությամբ, տեղի ունեցավ նաև ՕԵԿ համագումարը, որի ժամանակ որևէ անակնկալ չեղավ: Ինչպես և սպասվում էր՝ ՕԵԿ-ը հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահին:

Իսկ համագումարների այս շքերթը բացեց իշխող Հանրապետական կուսակցությունը: Պաշտոնապես հայտարարվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին և ներկայացվեց գործող նախագահի նախնական նախընտրական ծրագիրը: «Դեպի ապահով Հայաստան»,- հայտարարեց նախագահն ու ՀՀԿ անունից խոստացավ առաջիկա հինգ տարիներին պատասխանատվություն ստանձնել ՀՀ զարգացման և ապագայի համար: Նախագահը խոստացավ թույլ չտալ այնպիսի արարք, ինչի համար ՀՀԿ-ականները կարող են ամաչել:

Հասանք ներքաղաքական կյանքի ամենասպասված իրադարձությանը: Մայսիս 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրեն այլընտրանք հռչակած և ընդդիմադդիր կեցվածք ընդունած ԲՀԿ-ն վերջապես տարածեց իր հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանը հիասթափեցրեց բոլոր այն քաղաքագետներին և սոցիոլոգներին, ովքեր պնդում էին, որ նա կառաջադրվի և հնարավոր է անգամ հաղթանակ տոնի: «Պարոնայք, ես չեմ առաջադրվում և չեմ սատարելու որևէ մեկին»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը և սկսվեց արդեն վերը թվարկվածը:

Բայց շարունակենք հետ գնալ: Մինչ ԲՀԿ որոշման հրապարակումը՝ հայրենի քաղաքականության երկնակամարում մի քանի անգամ փայլեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեկ նա հայտարարեց, որ ԲՀԿ-ի ետևում իր ստվերը փնտրել պետք չէ, մեկ էլ իր ոչ պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրեց, որ «մի քիչ էլ սպասեք ու ես հաստատ գալու եմ»:

ԲՀԿ մտորումների շրջանում ի հայտ եկան մի շարք դեմքեր՝ էպոսագետ, ազատամարտիկ և այլն, ովքեր հայտարարեցին, որ մտադիր են պայքարի մեջ մտել նախագահի աթոռի համար: Ավելին, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ 83 տոկոս ձայն է հավաքելու և նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո Հայաստանի երեք նախագահներին նշանակելու է իր օգնականներ:

Մինչ մամուլի ակումբներում, կոնյակի գործարաններում և ԱԺ միջանցքներում քննարկում էին Գագիկ Ծառուկյանի առաջադրման հարցը, ծնվեց կուսակցությունների միջև քաղաքական կոնսուլտացիներ սկսելու գաղափարը: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն զուգահեռ կազմակերպեցին քննարկումներ օրակարգային հարցերի շուրջ: Մի քանի դրույթներ առաջ քաշեցին ու փակ դռների հետևում հավաքները տևեցին մինչև ԲՀԿ որոշումը: Դրանից հետո երկու կուսակցություններն էլ հայտարարեցին, որ քննարկումները շարունակվելու են, բայց այդպես էլ որևէ հանդիպման մասին խոսք չեղավ:

Իսկ ԲՀԿ-ի շուրջ այս քննարկումներն ու վերլուծությունները սկսվեցին այն բանից հետո, ինչ այս կուսակցությունը «դասալիք եղավ» իշխող կոալիցիայից: Իսկ «դասալիք եղավ», որովհետև մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքներով դարձավ Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը և որոշեց, որ երկրի խնդիրները պետք է լուծի առանց իշխանությունների: Իսկ, որ խնդիրները շատ են, ԲՀԿ-ն գրեթե ամեն օր ասում էր և դա ասում էր ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Քաղաքագետները այս տարվա ամենակարևոր ներքաղաքական իրադարձությունը հենց խորհրդարանական ընտրություններն են համարում: Կարևոր էր, որովհետև «քայլ առաջ էր», իսկ միջազգային կառույցները արձանագրել էին, որ դրանք անցել են ազատ, արդար և թափանցիկ՝ իհարկե որոշ դիտողություններով:

Չչարաշահենք ձեր համբերությունն ու այս կարևոր իրադարձության վրա էլ կանգ առնենք: Անցած տարվա ներքաղաքաքական մեկնարկը համարենք ԱԺ ընտրությունները, իսկ գալիք 2013-ինը ավելի պատասխանատու և կարևոր փորձությունն է: Ու ամենակարևորն այն է, որ ներքաղաքական երկնակամարի բոլոր աստղերը գիտակցեն այդ լրջությունն ու այդ պատասխանատվությամբ գնան նախագահական ընտրություններ:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---