Միջազգային դիտորդներ. Ամեն ինչ արվում է նրանց գոհացնելու համար

Միջազգային դիտորդներ. Ամեն ինչ արվում է նրանց գոհացնելու համար

ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 կազմակերպություններ

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մինչև արդյունքների ամփոփման վերջին օրը ու դրանից հետո դեռ երկար ժամանակ էլ երկրի իշխանությունները շունչները պահած անում են ամեն բան, որ ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ: Դա անում են, քանի որ հաշվետվություն պետք է ներկայացնեն սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը: Երկրորդին գոհացնելու համար ջանք չի խնայվում: Միջազգային հանրությունը իր «զինվորներին» է ուղարկում Հայաստան` որպեսզի նրանք աչքները չորս արած հետևեն ընտրությունների ընթացքին, ֆիքսեն ամեն բան և վերջում հայտնեն իրենց հեղինակավոր կարծիքը: Թե ինչպիսին կլինեն նրանց զեկույցները, կարելի է պատկերացնել: Հավանաբար այս անգամ էլ դրանցում կլինի «ֆիրմային» «քայլ առաջ»-ը:

PanARMENIAN.Net - Եվ այսպես, ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 կազմակերպություններ:

ICES (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն)

Դիտորդական առաքելությունը կգլխավորի ICES նախագահ, Կնեսետի XV-րդ գումարման պատգամավոր, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը: Դիտորդական առաքելության մեջ ներգարվված են 35 փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵԽ 10 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը:

Առաքելության կազմում գործում է հիմնական երեք խումբ.

«Քաղաքական», որում ներկայացված են Եվրախորհրդարանի և ազգային խորհրդարանների պատգամավորներ, «Իրավաբանական», որում ներկայացված են փաստաբաններ և նախկին դիվանագետներ, ինչպես նաև «ԶԼՄ» խումբ` այստեղ ներկայացված են քաղաքական մեկնաբաններ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Նախնական դիտորդական առաքելություն իրականացնող խումբը իր աշխատանքները սկսում է փետրվարի 1-ից, այս խմբում ներգրավված են ութ փորձագետներ: Խումբը նախատեսում է հանդիպումներ նախագահի թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, կենտրոնական և շրջանային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները, որոնք հետևելու են ընտրությունների ընթացքին` քվեարկությանը, Հայաստան կժամանի փետրվարի 14-ին: Ընտրության օրը` փետրվարի 18-ին, առաքելության բոլոր անդամները կգտնվեն Հայաստանի տարբեր քաղաքներում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակ)

Առաքելությունը ղեկավարում է դեսպան Հայդի Թալիավինին և բաղկացած է 13 միջազգային փորձագետներից, ովքեր Երևանում են գործում: Եվս 24 երկարաժամկետ դիտորդներ աշխատելու են ամբողջ երկրում: ԺՀՄԻԳ-ը հրավիրելու է 250 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների օրվան և արդյունքների հաշվման գործընթացներին հետևելու նպատակով:

Դիտորդները գնահատելու են նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, միջազգային այլ չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Դիտորդները մանրամասնորեն հետևում են քարոզարշավի ընթացքին, ընտրական և կառավարության համապատասխան մարմինների աշխատանքին, ուսումնասիրելու են ընտրական օրենսդրությունը, մեդիա միջավայրը և ընտրական վեճերի լուծման ընթացքը:

Որպես դիտարկման գործընթացի մի մաս, առաքելությունը հանդիպելու է նախագահական թեկնածուների, համապատասխան իրավասու մարմինների և քաղաքական կուսակցությունների, դատական համակարգի աշխատակիցների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ընտրության օրը դիտարկելու նպատակով ժամանած կարճաժամկետ դիտորդները ընդգրկվելու են թիմերում՝ կազմելով երկուական դիտորդ յուրաքանչյուր թիմում, և տեղաբաշխվելու են ողջ երկրով՝ տեղամասերի բացման, քվեարկության, քվեաթերթիկների հաշվման և ընտրության արդյունքների ամփոփման գործընթացները հետևելու նպատակով:

Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվելու է ընտրության հաջորդ օրը: ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է իր վերջնական զեկույցը՝ ընտրական գործընթացների ավարտից երկու ամիս անց:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով

ԵԽԽՎ 5 հոգանոց պատվիրակությունը գլխավորելու է նորվեգացի Կարին Վոլդսեթը: Բուն քվեարկության ընթացքը կդիտարկի ԵԽԽՎ 22 հոգանոց պատվիրակությունը

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով

Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավարն է Ալեքսանդր Ստոյանգոլոն: Առաքելության կազմում ընդգրկված են 30-35 դիտորդ:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը 2013-ի հունվարի 24-ին սկսել են նախագահական ընտրությունների մոնիթորինգը:

Դիտորդական առաքելության կազմում 170 դիտորդներ են լինելու: Առաքելությունը ղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Ս. Լեբեդևը:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, ԵԱՀԿ խորհրդարանական վերահժողովի ներկայացուցիչները: ԿԸՀ-ն որոշում է կայացրել ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (Այ Էֆ Ի Էս) hայաստանյան մասնաճյուղի ղեկավարին:

Ընտրություններին կհետևեն նաև տեղական 24 կազմակերպությունների դիտորդներներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» (81 դիտորդ), Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ (36 դիտորդ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը` ՍԻՎԻՏԱՍ (82 դիտորդ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդը (285 դիտորդ), «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպությունը (65 դիտորդ), «Հարմոնիա»-ն (480 դիտորդ), «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս»-ը (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» -ը (1504 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն»-ը (15 դիտորդ), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը»` (67 դիտորդ), «Հայաստանի Հելսինկայն կոմիտեն» (103 դիտորդ), «Արմավիրի զարգացման կենտրոն» (281 դիտորդ), «Գորիսի երտասարդական կենտրոն» (176 դիտորդ), «Իրազեկ» (31 դիտորդ), «Ֆ.Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (73 դիտորդ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (48 դիտորդ), «Շահեն» (129 դիտորդ), «Քաղաքացու իրավունքների պաշտպան» (7 դիտորդ), «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիա» (26 դիտորդ), «Երիտասարդական ակումբների դաշնություն» (69 դիտորդ), «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն» (5 դիտորդ), «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կնտրոն (4 դիտորդ), «Ազատ հասարակության ինստիտուտ» (1468 դիտորդ):

Դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը փետրվարի 8-ն էր: Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են փետրվարի 18-ին: ԿԸՀ-ն հաստատել է 7 թեկնածություն` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Մարի Թարյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---