ՄԱԿ ԱԽ բանաձևերի ո՞ր կետերի մասին էր Սերժ Սարգսյանը խոսում Սոչիում

ՄԱԿ ԱԽ բանաձևերի ո՞ր կետերի մասին էր Սերժ Սարգսյանը խոսում Սոչիում

«Փաստորեն, Ադրբեջանը չի կատարել և չի կատարում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևի պահանջներից կամ կոչերից ոչ մեկը»,- գրել է Կազիմիրովը դեռ 2004-ին

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահն ավանդաբար հիշեցրեց ավելի քան 20 տարի առաջ ՄԱԿ ԱԽ ընդունած 4 բանաձևի մասին, որոնք պահանջում են «անհապաղ և անվերապահորեն դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքից»: «Ցավոք, արդեն ավելի քան 20 տարի է անցել, իսկ այդ բանաձևերն այդպես էլ մնացել են թղթի վրա…»,- ասաց Ալիևը:

PanARMENIAN.Net - Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ադրբեջանական կողմն ամեն անգամ հիշատակում է ՄԱԿ-ի 4 բանաձևը, բայց այսպիսի մի հարց պարոն Ալիևին. իսկ այդ բանաձևերի կետերից ո՞ր մեկն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձևերի դրույթները կյանքի է կոչել միայն Հայաստանը, որն օգտագործեց իր ազդեցությունը մարտական գործողությունները կասեցնելու համար»:

Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևի հիմնարար ու առաջնահերթ պահանջն էր անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողություններն ու թշնամական ակտերը: Բանաձևերի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակում էր համառել՝ փորձելով բեկում մտցնել պատերազմի ընթացքում: Այդ պահանջն Ադրբեջանը չի կատարել մինչև օրս՝ հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի ստորագրումից ավելի քան 20 տարի անց: Ի դեպ, Ադրբեջանը շտապեց առաջինը ստորագրել այն ժամանակ հրադադարի մասին պայմանագիրը: Այդ երկրի ԶՈւ-ն մշտապես խախտում է հրադադարը՝ գնդակոծելով ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի մարտական դիրքերը, այլև հայկական սահմանամերձ գյուղերը՝ սպառնալիքի տակ դնելով խաղաղ բնակչության կյանքը, խախտելով բանաձևերի «հրադադարն արդյունավետ ու մշտական դարձնելու կոչերը»: Չնայած բանաձևերը «դատապարտում են նաևտարածաշրջանումբոլոր թշնամական գործողությունները, մասնավորապես՝ հարձակումները քաղաքացիական անձանց վրա ու բնակավայրերի ռմբակոծություններն ու հրթիռակոծությունները»:

Բաքուն չի կատարում նաև թշնամական ակտերը դադարեցնելու մասին պահանջը՝ մասնավորապես, «ցանկացած թշնամական ակտից կամ ցանկացած միջամտությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության ընդարձակմանը կամ խաղաղության ու անվտանգության խարխլմանը տարածաշրջանում», ձեռնպահ մնալու պահանջը՝ ակտիվորեն ատելություն սերմանելով բնակչության շրջանում ամեն հայկականի հանդեպ, բացահայտ ու հրապարակավ պատերազմով սպառնում, նույնիսկ սպառնալով, թե «կջնջի Երևանը երկրի երեսից»: Հակահայ քարոզչության դրսևորումներից մեկն էլ դարձավ Բուդապեշտում հայ սպայի կացնահարումը: Ադրբեջանցի զինծառայող՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ոչ միայն ազատեցին բանտից, այլև Ադրբեջանում ազգային հերոս հռչակեցին: ՄԱԿ ԱԽ բանաձևերը նաև «կոչ են անում պետություններին ձեռնպահ մնալ ցանկացած զենքի ու սպառազինության առաքումից, որը կարող է հանգեցնել հակամարտության թեժացմանը կամ տարածքների օկուպացիայի շարունակմանը»: Չնայած Ադրբեջանը տարիներ շարունակ սպառազինվում է, այդ թվում՝ հարձակողական զենքով, արտադրելով և գնելով այն նաև ԵԱՀԿ ՄԽ ու ՄԱԿ ԱԽ անդամ երկրներից:

Բացի այդ, բանաձևերը դեռևս 20 տարի առաջ «կոչ էին անում շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, և շարունակել բանակցությունները ՄԽ շրջանակում, ինչպես նաև ուղիղ շփումների միջոցով, նպատակ ունենալով վերջնական կարգավորումը»: Ավելի քան երկու տասնամյակ է ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչընդոտում է որևէ կոնկրետ պայմանավորվածության, օրինակ՝ վերջին պահին հանդես գալով մի շարք նոր առաջարկներով: Բաքուն անտեսում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու միջազգային հանրության բոլոր հորդորները, այն է՝ պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել դիպուկահարներին ռազմաճակատից, առաջնագծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծել:

Այդպիսով, Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահանջների մեծ մասը, որոնք անվերապահորեն կատարում է Հայաստանը, շեշտը դնում է միայն մեկ կետի վրա: Ինչպես դեռ 2004-ին է գրել Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի ԼՂ գծով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ մասնակից ու համանախագահ 1992-96 թթ., դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, «բանաձևերը կատարելու պահանջով ավելի հաճախ Բաքուն է հանդես գալիս, բայց միայն Ադրբեջանի 7 շրջանից օկուպացիոն ուժերն անվերապահորեն դուրս բերելու» և « իր փախստականներին վերադարձնելու» մասով: «Այլ կերպ ասած, Ադրբեջանը, ըստ էության, բանաձևերի պահանջները հանգեցնում է գրավյալ տարածքներն ազատելուն: Ոչ մի այլ պահանջ Բաքուն չի շեշտադրում, ուղղակի լռության մատնելով դրանք: Բաքվի նպատակն է միայն ուշադրություն հրավիրել օկուպացիայի վրա, որը զինված հակամարտության ծանր հետևանքն է, փախստականների ցավին: Սակայն, դրանով իսկ ցանկանում է նաև հետին պլան մղել, «հետոյի» թողնել վիճահարույց գլխավոր խնդիրն ու հակամարտության պատճառը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը»,- գրել է Կազիմիրովը:

«Փաստացի Ադրբեջանը չի կատարել և չի կատարում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևի պահանջներից և ոչ մեկը»,- գրել է ռուս դիվանագետը 2004-ին:

10 տարի է անցել և ոչինչ չի փոխվել:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---