Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Ի՞նչ է նշանակում ՄԻԵԴ դատավճիռըՄարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով բազմաթիվ լրացուցիչ մեկնաբանություններ ստացավ թե ՄԻԵԴ, թե վեճի վերաբերյալ շահագրգիռ կողմերից: PanARMENIAN.Net-ն ի մի է բերել վճռի վերաբերյալ կարևորագույն հարցերի բոլոր մեկնաբանությունները: (Դատավճռի տեքստում պարբերաբար հիշատակվող 10-րդ հոդվածը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Արտահայտվելու ազատությունը երաշխավորող հոդվածն է): 15 հոկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Արդյո՞ք դատարանի ընդունած վճիռն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի կոտորածի ցեղասպանություն լինելու կամ չլինելու վերաբերյալ գնահատական է տալիս: Ոչ: ՄԻԵԴ-ն ընդգծում է, որ, ի տարբերություն միջազգային քրեական դատարանների, չունի հարցի վերաբերյալ իրավաբանորեն պարտադրող հայտարարություններ անելու ոչ պարտավորություն, ոչ իրավասություն: Ի տարբերություն այս ձևակերպման, ՄԻԵԴ 2013 թ. դեկտեմբերի 17-ի վճռի համաձայն՝ «զգայուն և հակասական բնույթ կրող հարցերի ազատ քննարկման իրավունքի ազատ իրականացումը կարծիք արտահայտելու ազատության հիմնարար չափանիշներից է, և դրա միջոցով հանդուրժողական, բազմակարծությունն ապահովող ու ժողովրդավարական հասարակությունը տարբերվում է ամբողջատիրական և բռնատիրական ռեժիմներից»: Բազմաթիվ իրավաբանների համոզմամբ՝ ՄԻԵԴ-ը, որոշակիորեն սահմանազանցելով իր գործառույթները, 2013-ի դեկտեմբերի 17-ի վճռում փորձել էր տարբերակում մտցնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև` նշելով, որ վերջինի պատմական եղելությունն ապացուցված է մի շարք անհերքելի փաստերով, ինչպես, օրինակ՝ գազային խցերի առկայությամբ: Արդյո՞ք դատարանը եզրակացրեց, որ Փերինչեքի հայտարարությունները ցեղասպանության ժխտում են: Ոչ: Դատարանը նպատակ չէր հետապնդում պարզելու՝ արդյոք կարելի է որակել Փերինչեքի հայտարարությունները որպես ցեղասպանության հերքում կամ շվեյցարական արդարադատության հետապնդած նպատակների համար արդարացում: Այնուամենայնիվ, Փերինչեքի հայտարարությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (ազատ արտահայտվելու իրավունքի) խախտելու վերաբերյալ դատարանի քննության կարևոր բաղադրիչն էին: Դատարանը նաև ընդգծել է, որ «Փերինչեքը արհամարհանք կամ ատելություն չի արտահայտել 1915 թվականի իրադարձությունների զոհերի նկատմամբ»: Ինչու ՞ է դատարանը համարել, որ խախտվել է Փերինչեքի արտահայտվելու ազատությունը: Դատարանը եզրակացրել է, որ հայկական համայնքի իրավունքները պաշտպանելու համար Փերինչեքին քրեականորեն պատժելու անհրաժեշտություն չկար: Այս եզրակացությանը դատարանը եկել է՝ հաշվի առնելով մի քանի հիմունքներ, ներառյալ հետևյալը. Փերինչեքի հայտարարությունները կապ ունեին հանրային հետաքրքության խնդրի հետ և դրանք հեռու էին ատելության կամ անհանդուրժողականության կոչ լինելուց: Շվեյցարիան չուներ նման հայտարարությունները քրեականացնելու միջազգային օրենքի պարտավորություն: Միջամտությունը Փերինչեքի խոսքի ազատության իրավունքին քրեական դատապարտման ձևով է եղել, նշում է դատարանը: Իր բացատրությունում դատարանը նշում է, որ «հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել հայերի արժանապատվության հանդեպ հարգանքի պահպանման անհրաժեշտության (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդված), և Փերինչեքի խոսքի ազատության իրավունքի պահպանման անհրաժեշտության միջև (Կոնվենցիայի 10-րդ հոդված)»: Արդյո՞ք վճիռը նշանակում է, որ պետությունները չեն կարող արգելել ցեղասպանության ժխտումը: Ոչ: Դատարանն իր բացատրությունում նշում է, որ իրենից չէր պահանջվում որոշել, թե արդյոք սկզբունքորեն արդարացված է ցեղասպանությունների կամ այլ պատմական իրողությունների ժխտման քրեականացումը: ՄԻԵԴ-ն ընդգծում է, որ միայն իրավասու էր վերանայելու, թե արդյոք շվեյցարական քրեական օրենսգրքի կիրառումը համապատասխանել է 10-րդ հոդվածին կոնկրետ Փերինչեքի դեպքի համար: Չկա՞ արդյոք այս դատավճռի ու Հոլոքոսթի ժխտման դեպքերի վերաբերյալ դատավճիռների միջև հակասություն ՄԻԵԴ-ը նշում է, որ դատավճիռը ոչինչ չի փոխում դատարանի՝ Հոլոքոստը ժխտող արտահայտություններին տրված գնահատականի մեջ: Դատարանը և նախկին հանձնաժողովը քննել են 10-րդ հոդվածին առնչվող՝ Հոլոքոստը կամ նացիստական հանցագործությունները ժխտող մի շարք դեպքեր, բոլորը՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեմ, և նման դեպքերում բոլոր հայցադիմումներն անընդունելի հայտարարել: Նման մոտեցումը դատարանը պայմանավորում է նրանով, որ Հոլոքոստի ժխտողականությունը հատկապես վտանգավոր է երկրներում, որոնք իրենց վրա զգացել են նացիստական սարսափները և որոնք բարոյական պատասխանատվություն ունեն հեռու մնալու մասսայական վայրագություններից, որոնք իրենք են իրականցրել կամ դրդել, կամ, ի թիվս այլ բաների, քրեականացրել դրանց ժխտումը: Ի հակադրություն այդ օրինակի, Շվեյցարիայի և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների միջև ուղիղ կապ չի եղել: Ինչպե՞ս է վճռին արձագանքել Երևանը Դրական: «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվել են, հայտարարում է գլխավոր դատախազությունը:Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ ՀՀ-ն ակնկալում էր, որ Եվրոպական դատարանի վճռից բացառվեն որևէ կերպ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնող ձևակերպումներ: ՄԻԵԴ-ը նշել է, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915-ին հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն, թե՝ ոչ: Դատարանը վճռում նաև արձանագրել է, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության հանդեպ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակում, որն առնչվում է Ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Ինչպե՞ս է վճռին արձագանքել Անկարան Դրական: Իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Մեվլութ Չավուշօղլուն Al Jazeera-ին հայտարարել է, որ տեղի ունեցածն իսկական դատավարություն էր, որն ընթացել է իրավական, ոչ թե քաղաքական սկզբունքներով: «ՄԻԵԴ-ը ժողորվդավարության և մարդու իրավունքների տունն է, որոնք ներառում են նաև արտահայտվելու ազատության իրավունքը: Այս առումով, արդյունքը բնականոն է: Եվրոպական երկրները, որոնք հայտարարում են ժողովրդական արժեքների մասին, խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ են ընդունել, այդ թվում, «այսպես կոչված հայերի ցեղասպանության մասին», - ասել է նա՝ հայտարարելով, որ Թուրքիայում մարդիկ ազատ են հերքել կամ ընդունել ցեղասպանությունը: Ինչպե՞ս է վճռին արձագանքել Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան Բացասաբար: Շվեյցարական դատարաններում գործի քննման ժամանակ հայցվոր կազմակերպությունը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» ՄԻԵԴ որոշումից: «Արտահայտման ազատությունը չի կարող օգտագործվել պատմությունը սրբագրելու, հատկապես առավելագույն սարսափելի հանցանքը՝ ցեղասպանությունը հերքելու կամ արդարացնելու համար»,- ասվում է հայտարարությունում: Միաժամանակ, կազմակերպությունը նշում է, որ որոշումը վերաբերում է միայն Փերինչեքի գործին, իսկ Շվեյցարիայի գործող հակառասիստական օրենսդրությունը, որն էլ պատիժ է սահմանում Ցեղասպանության հերքման համար, վճռին չի հակասում: Ինչպե՞ս է վճռին արձագանքել Հայ Դատը Դրական: Եվրոպայի հայ դատի գրասենյակը ողջունել է վճիռը: Ըստ Panorama.am, գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը Ստրասբուրգում ասել է՝ ողջունելի է հատկապես այն, որ Վերին պալատը փոխել է Ցեղասպանության վերաբերյալ Ստորին պալատի որոշումը: Նաև կարևոր է, որ ՄԻԵԴ-ն արձանագրեց հայերի՝ արժանապատվության և հարգանքի պաշտպանության իրավունքը: Արդյո՞ք սա դատարանում 1915-ին հայերի դեմ իրագործված ջարդերի մասին հայտարարություններին վերաբերող առաջին գործն է: Ոչ: Դատարանը քննել է Թուրքիայի դեմ հարուցված մի շարք գործեր՝ կապված այդ դեպքերի հետ: Մասնավորապես, դրանք հարուցել են մարդիկ, ովքեր դատապարտվել են Թուրքիայում 1915-ի դեպքերը ցեղասպանություն համարող հայտարարությունների համար կամ քննադատել կարծիքներ, որոնք, իբրև թե, համազոր էին 1915-ին ու դրան հաջորդող տարիներին իրականացված ջարդերը ժխտելուն: Մասնավորապես, «Գուջլուն ընդդեմ Թուրքիայի» 2009 թ. փետրվարի 10-ի Պալատի վճիռը, «Դինքն ընդդեմ Թուրքիայի», 2010-ի սեպտեմբերի 14-ի Պալատի վճիռը: Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |