«Ավրորա» մրցանակաբաշխությունը

«Ավրորա» մրցանակաբաշխությունը

Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը

Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը: Հայերը, թուրքերը (թեև շատ կուզեին մոռանալ ու մոռացնել) և այն մարդիկ, որ պայքարում են մերօրյա ու ապագա ցեղասպանությունների դեմ:

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ից 24-ը Երևանում կկազմակերպվեն հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի մասին քննարկումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային մարդասիրական ոլորտի մի շարք բացառիկ գործիչներ: Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։ Իսկ ի՞նչ է «Ավրորան», ի՞նչ նպատակ ունի, ո՞վքեր են հիմնադրել և ի՞նչ կապ ունի Քլունին:

Մրցանակը

«Ավրորա» մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity) «100 կյանք» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է: Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է 2015 թվականի մարտին Նյու Յորքում: Այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մեր ժամանակակիցը, որն անձնվիրաբար և բացառիկ ջանքերով օգնում է մարդկանց: Այն մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանում։

Ավրորան

Հին Հռոմում Ավրորան արշալույսի աստվածուհին էր: Մրցանակը կրում է նաև Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հոր և եղբայրների սպանության ականատեսն է եղել: Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ է մնացել և աշխարհին պատմել 1915-ին տեղի ունեցած վայրագությունների մասին։ Նա իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն և 1919 թվականին նկարահանվել «Հոշոտված Հայաստան» ֆիլմում։

Նպատակը

Նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա և ներկայացնել դրական քայլերի ազդեցությունը 3 ուղղությամբ. դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վեր հանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչև օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում; անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ, որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով հնարավորություն են տվել մարդկանց գոյատևելու և բարեկեցության հասնելու; կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր ունեցած համայնքներին և կազմակերպություններին:

Պարգևը

Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Հիմնադիրները

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Մարդկանց ուշադրությունն աշխարհի ամենախոցելի խմբերի խնդիրների վրա կենտրոնացնելով և դրանց լուծման ուղղությամբ իրական ու նշանակալի գործ կատարածներին պարգևատրելու միջոցով՝ հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ 2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։

Քլունին

Որպես ճանաչված դերասան և ռեժիսոր՝ իր կարիերայի ընթացքում Ջորջ Քլունին հիմնել և աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում են գտել աշխարհում։ Իր մարդասիրական գործունեության համար Քլունին արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ ներառյալ Բոբ Հոուփի անվան մարդասիրական մրցանակը (Bob Hope Humanitarian Award) և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի (USC Shoah Foundation’s) Մարդկության Դեսպան մրցանակը (Ambassador for Humanity Award)։ Վերջինը նրան շնորհել է հոլիվուդյան նշանավոր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը 2013-ի դրամահավաք միջոցառման ընթացքում։ Սփիլբերգը Քլունիին անվանել է «համեստ բարեգործ» և «անտարաբերության դեմ գործողության անգերազանցելի օրինակ»։ «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել 100 LIVES նախագծին, քանի որ այն իմ Not On Our Watch հիմնադրամի հետ ընդհանուր առաքելություն ունի` գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը ցեղասպանության հետևանքների նկատմամբ, ինչպես նաև ջանք գործադրել աշխարհում դաժանության բազմաթիվ դրսևորումներին վերջ դնելու համար», – ասել է Ջորջ Քլունին. «Մենք բոլորս պետք է մտահոգվենք, որ այսօր աշխարհում դեռևս գրանցվում են ցեղասպանության դրսևորումներ։ Մենք բոլորս` որպես անհատ, որպես հանրություն և պետություն, պետք է պայքարենք նման երևույթների դեմ»։

Քրիստինե Քյուրքլյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---