Նրանք ասացին «ոչ»

Նրանք ասացին «ոչ»

Թուրքերն ու քրդերը, որոնք մերժեցին ցեղասպանությունը

1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը։

PanARMENIAN.Net - PAN-ը պատմում է նրանցից մի քանիսի մասին՝ հերոսների, որոնք թուրքական պաշտոնական պատմագրության մեջ համարվում են դավաճաններ:

Լիջեի քաղաքապետ Հյուսեին Նեսիմի բեյ

Հյուսեին Նեսիմին պաշտպանում էր Լիջեի մոտ 6000-անոց հայկական համայնքը, երբ Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիդ բեյն անողոքաբար բնաջնջում էր հայերին հենց իր քաղաքի սահմանների մոտակայքում: Նեսիմին պնդում էր, որ նրանք, ովքեր հավատարիմ չեն պետությանը, պետք է պատժվեն, սակայն անմեղ մարդիկ չպետք է տուժեն: Երբ նա նկատեց, որ ստացվող հրամանները վերաբերում են զանգվածային տեղահանություններին և ջարդերին, նախ մտածեց, որ ինքը կարող է ինչ-որ բան անել իրադրությանը միջամտելով: Քաղաքապետը փորձեց պաշտպանել հնարավորինս շատ հայերի` հետաձգելով խմբերի ճանապարհումը: Նեսիմի բեյը նաև փորձել է կանխել հրոսակախմբերի հարձակումները՝ անձամբ ուղեկցելով տեղահանվածների առաջին խմբին: Նա համոզում էր Լիջեի ծեր տղամարդկանց «կեղծ ամուսնություններ» գրանցել հայ կանանց հետ՝ նրանց փրկելու համար: Այս կերպ քաղաքապետը փրկեց շատ կանանց` նրանց ներկայացնելով որպես մուսուլմաններ:

Տեղեկանալով այդ մասին, Ռեշիդը հանդիպման պատրվակով քաղաքապետին իր մոտ է կանչում, բայց կարգադրում է, որ ճանապարհին իր չերքեզ պահակներից մեկը՝ Հարունը, սպանի նրան: Սպանության մեղքը բարդվեց «հայ ապստամբների վրա», իսկ աճյունն ընտանիքին այդպես էլ չհանձնվեց:

Հյուսեին Նեսիմի բեյ, Հասան Մազհար բեյ և Ջելալ բեյ

Հալեպի և Կոնիայի նահանգապետ Ջելալ բեյ

Հալեպի և Կոնիայի նահանգապետ Ջելալ բեյը դարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ հրամաններին չենթարկվող պաշտոնյաների հավաքական կերպարը: Նա փրկել է բազմաթիվ հայերի կյանքեր՝ ինչպես մեղմելով նրանց դատավճիռները, այնպես էլ՝ դեմ գնալով թուրքական կառավարությանն ու հրաժարվելով իրագործել հայերի բռնագաղթի ու արտաքսման վերաբերյալ հրամանները: 1918 թվականի իր հուշերում նա գրել է.

«Կոնիայում իմ վիճակը նման էր մի մարդու վիճակի, ով նստած է գետի ափին՝ բացարձակ ոչ մի միջոց չունենալով դրանից ինչ-որ մեկին փրկելու համար: Արյունը հոսում էր գետի երկայնքով, և հազարավոր անմեղ երեխաներ, աննախատելի ծեր մարդիկ, անօգնական կանայք և ուժեղ երիտասարդներ այս գետով հոսում էին ցած` դեպի մոռացություն: Ես փրկեցի բոլոր նրանց, ում կարող էի փրկել մերկ ձեռքերով: Ես փրկեցի, իսկ մնացածները ներքև իջան գետով, որպեսզի այլևս երբեք չվերադառնան»:

Անկարայի կառավարիչ Հասան Մազհար բեյ

«Ես վալի եմ, ոչ թե ավազակ։ Չեմ կարող անել դա։ Թող ուրիշ մեկը գա, նստի իմ աթոռին և կատարի այդ հրամանները»,- հրաժարվելով կատարել Ստամբուլից եկած՝ հայերի տեղահանության վերաբերյալ հրամանը՝ հայտարարել էր Անկարայի կառավարիչը՝ վալին: Կարճ ժամանակ անց նրան հեռացրեցին պաշտոնից:

Մալաթիայի կառավարիչ Մուսթաֆա աղա (Ազիզօղլու)

Մալաթիայի կառավարիչ՝ քաղաքագլուխ Մուսթաֆա աղան չի չկարողացել կանխել հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանդը: Նա միայն կարողացել է մի քանի հայի թաքցնել իր սեփական տանը: Սակայն «գյավուրներին հոգ տանելու» համար Մուսթաֆա աղան թանկ վճարեց. նրան սպանեց սեփական որդին՝ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ անդամը:

Օսմանյան բանակի լեյտենանտ Ջեմիլ Կունե

Ջեմիլ Կունեն Օսմանյան բանակի լեյտենանտ էր և 1915-ին նշանակված էր Բիրեջիքի նավաշինական գործարանի տնօրեն՝ Օսմանյան հինգերորդ բանակի վերահսկողության ներքո, որի հրամանատարը Ջեմալ փաշան էր: Նավաշինական գործարանում լաստանավեր էին կառուցվում, որոնք օգտագործվում էին օսմանյան զինվորների կողմից Եփրատն անցնելու համար:

Պատմականորեն Կունեին առանցքային դարձնող փաստը նրա՝ հայերին փրկելու անդադար ջանքերն են: 1915-1917 թվականներին նա հատկապես փորձում է օգնել Այնթափի բողոքական հայերին, որպեսզի կանխի դեպի Դեյր Զոր նրանց բռնագաղթը: Բռնագաղթի ժամանակ Կունեն ամուսնանում է հայր Կարապետ Գյուլեուզյանի դստեր՝ Տիգրանուհու հետ, և փրկում է նրա կյանքը` նրա տեղահանությունը դեպի Դեյր Զոր թույլ չտալով:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---