Ինչպես չգիրանալ կարանտինի պայմաններում

Ինչպես չգիրանալ կարանտինի պայմաններում

Անվճար մարզվելու լավագույն app-երը

Պասիվ առօրյայում ֆիզիկական ակտիվություն ներառելը, անկախ կարանտինային բարդություններից, կարևոր է առողջության պահպանման և լարվածության նվազեցման համար, ուստի մի շարք մարզասրահներ ու ֆիթնես մասնագետներ արտակարգ դրության օրերին առաջարկում են օնլայն դասընթացներ, հաճախ՝ ուղիղ եթերով՝ տնային պայմաններում մարզվելու համար:

PanARMENIAN.Net - Ստեղծված իրավիճակում դրանցից շատերը դարձել են անվճար, ոմանք էլ տրամադրում են պրոդուկտն անվճար փորձելու հնարավորություն։ Անկախ ամեն ինչից, վիրտուալ դասերը wellness ռեժիմը չխախտելու, ինչու ոչ՝ նաև մարզվել սկսելու լավ տարբերակ են, եթե հաշվի առնենք, որ ֆիթնես սթրիմինգն աշխարհում (Հայաստանի մասին խոսելը մի փոքր շուտ է) զարգանում է բավական արագ։

PanARMENIAN.Net ը հավաքել է ֆիթնեսի, յոգայի և պարերի մի քանի հարթակ՝ օրը զանազանելու և ինքներդ ձեր մասին հոգ տանելու համար, մանավանդ, որ շատերն են անհանգստանում կարանտինի շրջանում ավելորդ քաշ հավաքելուց։

Centr

Սկսենք, թերևս, հաճելի լուրից, հատկապես հոլիվուդյան դերասան Քրիս Հեմսվորթի երկրպագուների(ս) համար։ Դերասանը ներկայացրել է Centr-ը՝ առողջության և ֆիթնեսի իր անհատական ծրագիրը դեռևս 2019-ի փետրվարին, իսկ հիմա առաջարկում է 6 շաբաթով անվճար օգտվել հավելվածից՝ մինչև մարտի 31-ը գրանցվելու պարագայում։ Հարթակում կարելի է մարզվել հենց Հեմսվորթի ու նրա հետ աշխատող և նրան մարզող ֆիթնես մասնագետների հետ, շփվել սննդի խորհրդատուների, խոհարարների, մեդիտացիայի ուսուցիչների, քնի խանգարման մասնագետների հետ:

Nike Training Club

Այս մի հավելվածը, թերևս, ամենասպասվածների է: Մոտ մեկ տարի առաջ ԱՄՆ-ում պրեմիում բաժանորդագրությունը ներկայացնելիս, ընկերությունը խոստացել էր այն աշխարհին ևս հասանելի դարձնել, և այդպես էլ եղավ․ փորձել ու ստուգել ենք: Ամերիկյան հայտնի բրենդի հավելվածը սովորաբար ամսական $14.99 արժե, բայց ոչ հիմա։ Nike-ն իր պրեմիում անդամակցությունն անորոշ ժամկետով անվճար է դարձրել, և հիմա 15-45 րոպե տևողությամբ ավելի քան 185 թրեյնինգ (յոգա, կարդիո և այլն) ինչպես նաև սննդի, քնի, վերականգնման ու առողջության մասին մի շարք ծրագրեր սպասում են բոլորիս։

Վենուս Ուիլիամս

Քառակի Օլիմպիական չեմպիոն, թենիսիստուհի Վենուս Ուիլիամսն ամեն օր իր հետևորդներին կմիանա Instagram-ում ու 5 րոպեանոց մարզումներ կանցկացնի ուղիղ եթերում։ Վենուսն ամեն անգամ կընտրի մարզման մի նոր տեսակ` հստակ ցույց տալով, թե ինչպես ճիշտ կատարել վարժությունը տան պայմաններում: Քանի որ հայտնի մարզուհու հետ հանդիպման հստակ ժամեր չկան, ուղղակի խորհուրդ ենք տալիս հետևել նրան Instagram-ում և միացնել ուղիղ եթերների մասին ծանուցումները։

Peloton

Միացյալ Նահանգներում մեծ տարածում ունեցող և, ի դեպ, հենց Ուիլիամսի կողմից սիրված հարթակի հիմնական մարզումները ներառում են վազքի մարզասարք, մարզման հեծանիվ կամ այլ տեխնիկա, բայց Peloton-ը նաև կարդիո, յոգայի, մեդիտացիայի, բազմատեսակ ֆիզիկական վարժությունների դասեր է առաջարկում, որոնք, ուշադրություն՝ անվճար հասանելի են 90 օր։ Սա իրականում բավական երկար ժամանակ է մարզվելը սովորություն դարձնելու համար։

Dance Church

Վերջին օրերի մեկուսացումը կարծես է՛լ ավելի է արթնացրել մարդկանց մեջ պարելու ցանկությունը։ Սոցիալական ցանցերում տեղադրվող սիրողական վիդեոներից զատ կան նաև պրոֆեսիոնալ հարթակներ. մասնավորապես՝ լոսանջելեսյան Dance Church-ը, որի հաջորդ պարային սեսիան կկայանա մարտի 29-ին։ Մինչ այդ պետք է ուղղակի գրանցվել։ Դասերը սովորաբար անվճար են, բայց նվիրատվություն կատարելը խրախուսվում է։ Նախորդ ուիքենդին, օրինակ, 10,000-ից ավելի մասնակից էր միացել։ Միակ խնդիրն այստեղ կարող է ժամային գոտիների տարբերությունը լինել, բայց հավատացեք՝ պարերն իրոք արժեն, որ մի փոքր շուտ արթնանաք (Երևանի ժամանակով առավոտյան 08։00-ին)։

Fiit

Ինտերակտիվ դասընթացների հարթակը գրավիչ ու մոտիվացնող գործիք է, նույնիսկ եթե կարանտինի մեջ կամ ինքնամեկուսացված չեք։ Օրինակ՝ կարելի է 25 րոպեանոց յոգայի դասի «գնալ» աշխատանքի ընդմիջման ժամին։ Վերջին օրերին հատկապես արդիական դարձած հավելվածն առաջարկում է ֆիթնես մարզումներ, պիլատես, յոգա, ստատիստիկ տեղեկություններ ձեր առողջության մասին և ոչ միայն։

Անդամակցությունն անվճար է և ներառում է Fiit-ի բոլոր փորձառու անձնական մարզիչների դասերի սահմանափակ քանակի ընտրանի, իսկ արդեն պրեմիում անդամակցության համար պետք է վճարել՝ սկսած ամսական £10-ից ($12)։

CorePower Yoga

CorePower Yoga-ն Միացյալ նահանգներում յոգայի ստուդիաների ամենամեծ ցանցն է՝ ավելի քան 200 բուտիկով։ Ու չնայած բոլորն էլ հիմա փակ են, ընկերության YouTube-ի ալիքում ամեն օր կարելի է գտնել անվճար դասեր ուղիղ եթերում՝ Երևանի ժամանակով 17:00-ին, 22:00-ին և 3:00-ին։ Վստահ ենք՝ ժամերից որևէ մեկին հարմարեցնել ու միանալ հնարավոր է։ Բացի այդ, անդամակցություն չունեցողները կարող են յուրաքանչյուր շաբաթ սահմանափակ քանակով առցանց դասերի մասնակցել:

adidas Training և adidas Running

adidas-ն այժմ 3-ամսյա անվճար պրեմիում բաժանորդագրություն է տալիս իր երկու հավելվածից օգտվելու համար։ Այն հասանելի է 15 լեզվով 190-ից ավելի երկրում՝ ներառյալ Հայաստանում, և առաջարկում է մարզումներ ու սննդակարգի ուղեցույցներ։ Բացի այդ, ընկերության մասնագետները նաև ֆիթնես դասեր, յոգայի ու մեդիտացիայի հանդիպումներ կանցկացնեն, որոնց կարելի է միանալ Instagram-ի ուղիղ եթերների միջոցով։

P.volve

Այս ֆիթնես ծրագիրն առաջարկում է փոքր տարածություններում մարմինն ուժեղացնելու և մարզելու վարժությունները, որտեղ պետք չեն սարքեր ու հավելյալ գործիքներ։ 30-օրյա անվճար դասընթացներից օգտվելու համար պետք է մուտքագրել ONEPVOLVE կոդը, իսկ անվճար մարզումները YouTube-ի ու Instagram-ի ուղիղ եթերներում կլինեն տեղական ժամանակով 16։00-ին, 21:00-ին և 2։00-ին։

Բացի վերը նշվածներից, Women’s Health-ն Instagram-ի ուղիղ եթերում ամեն շաբաթ կանցկացնի 15-40 րոպեանոց պարապմունքներ, իսկ Planet Fitness-ը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով մարդկանց աշխարհով մեկ կկապի անձնական մարզիչների ու երբեմն հայտնի մարդկանց հետ։

Հ․Գ․ Հարթակներում ձեզ լավ զգալու համար, հավանաբար, անգլերենի կարիք կունենաք, բայց քանի որ մեզ մոտ մարզասրահներում օգտագործվող տերմինների մեծ մասը հենց անգլերեն են, կարծում ենք՝ խնդիր չի առաջանա։ Նալետա՜յ։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ադրբեջանի ԱԳՆ-ում ձերբակալություններ են
Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով
Լիբանանը՝ պայթյունից 6 օր անց
 Ուշադրության կենտրոնում
Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով

Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։

 Բաժնի այլ նյութերը
Ի՞նչ է անում ՀՀ-ն Միջերկրականում Նոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները
Ինչ դիտել շաբաթ-կիրակի 10 տեսանյութ, որ կլցնեն ձեր հանգստյան օրերը
Ձեր ուիքենդի bookmark-ը Ինչ դիտել շաբաթ-կիրակի