Հայ մուրացկանի կես միլիոնն ու քրոջ և պատգամավորի կռիվը

Հայ մուրացկանի կես միլիոնն ու քրոջ և պատգամավորի կռիվը

Մերի Գուզելյանի կյանքն ու մահը Բոստոնում

Հարուստ մուրացկանների կարելի է հանդիպել բոլոր հնարավոր ու անհնար կետերում՝ հիմնականում աշխատանքային ժամերին ու վճարունակ մարդկանց նախընտելի վայրերում։ Մումբայում այսօր էլ կան բոլորին հայտնի «միլիոնատեր» մուրացկաններ, իսկ պատմության ոչ պակաս ուշագրավ դեպքերից էր Մերի Գուզելյանը, ում կես դար առաջ կարելի էր տեսնել Բոստոնի փողոցներում։

PanARMENIAN.Net - Մերին Նյու Յորքից Բոստոն էր տեղափոխվել երիտասարդ տարիքում՝ 6 ամիս տևած ամուսնությունից հետո։ Կյանքի ընթացքում կինը մոտ $500,000 էր կուտակել ու երկու շինության տեր դարձել, բայց մահից հետո ունեցվածքը տարօրինակ կերպով անցել էր նահանգային պատգամավորներից մեկին։

Բանկային 20-30 հաշիվ ունենալով հանդերձ՝ Մերին նախընտրում էր գումարը պահել իր կիսավեր տանը՝ 1 դոլարանոց թղթադրամներով ու պարկերի մեջ։ Այս մասին առաջին անգամ պարզվեց ավտովթարի արդյունքում նրա մահից մի քանի տարի առաջ, երբ կինը դիմել էր Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեվին Ֆիցջերալդին, որպեսզի վերջինս օգնի կասեցնել իրեն տնից հանելու որոշումը։

Ֆիցջերալդը պատմում էր, որ երբ իր օգնականը՝ Փաթրիշա Մակդերմոտը, գնացել էր Մերիի տուն՝ նրա խնդիրը հասկանալու, բացահայտել էր փողով պարկերը, և Ֆիցջերալդն ինքն էր մուրացկանին ուղեկցել բանկ՝ գումարի մի մասն ավանդ դնելու համար։ 8 օր անց կինը փոխել էր կտակը Ֆիցջերալդի ու նրա օգնականի, ինչպես նաև կտակի հարցերով զբաղվող փաստաբանի անունով։

Մերին մահացել է 1985-ին՝ 68 տարեկանում, միքանիերորդ անգամ ավտովթարի ենթարվելու հետևանքով։ Իսկ Associated Press-ի 1994 թվականին լույս տեսած համարից պարզ է դառնում, որ գրեթե 10 տարի անց Մերիի կտակը անվավեր է ճանաչվել, և բոլոր երեքը պարտավորվել են վերադարձնել գումարը կնոջ քրոջը՝ ունեցվածքի իրական ժառանգին։

«Կարծում եմ, որ Գուզելյանի հոգեկան խնդիրները, նրա առողջական ծանր վիճակը, տարիքը և բնակության վայրից վտարումից բխող տրավման նրան խոցելի են դարձրել ավելորդ կողմնակի ազդեցությանը»,- ասել էր գործով զբաղվող դատավորը և ավելացրել, որ «իրադարձությունների հորձանուտը», որը ստեղծվել է Ֆիցջերալդի և Մաքդերմոտի կողմից, «ազդել է Գուզելյանի ազատ կամքի դրսևորման վրա»։

Մերիի քույրը՝ Էլիզաբեթը, տարիներ շարունակ չէր էլ իմացել քրոջ մահվան մասին ու նոր կտակի համաձայն ստացել էր $1 դոլար՝ որպես ժառանգություն։

Ամբողջ պատմության մեջ մինչև վերջ էլ հակասություններ ու անհամաձայնություններ մնացին։ Օրինակ՝ ինչպես էր կինը հաջողացրել այդքան կարողություն կուտակել։ Ֆիցջերալդը պնդում էր, որ մինչև վերջ էլ չի իմացել, որ Մերիի կտակում ներառված է, ու պատմում, որ ինքն ու Մակդերմոտը մտերիմ հարաբերություններ ունեին կնոջ հետ, ու որ ինքը ներողություն չի խնդրելու ժառանգություն ստանալու համար։ Ըստ New York Times-ում լույս տեսած հրապարակումներից մեկից՝ պատգամավորը գումարն օգտագործել է մոր բուժման ծախսերի, տներ գնելու և երեխաների մասնավոր կրթության համար վճարելու վրա։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Բեյրութահայ ընտանիքը՝ ՀՀ գալու հույսով
Ինչպես հայ գուրուն հասավ «ամերիկաներն» ու բոլորին խառնեց
Հայ կնոջ մեքսիկական արկածներն ու ապտակի ուժը
Մզկիթ դարձած տաճարների Թուրքիան
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Ֆունիկուլյորով` Արարատի գագաթ Ինչպես էին հայերն ամերիկացիներին համոզում Թուրքիայում ներդրում անել
Մեկ ձեռքի վրա հաշվելու, մի շնչով կարդալու 5 գիրք՝ Ալեքսիս Օհանյանի գրադարանից
Ինչպես ավարտվեց Բանգլադեշի հայ համայնքի պատմությունը Դաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա