Երբ Արցախում տանկերն են թխում

Երբ Արցախում տանկերն են թխում

Թիկունքի կամավորների փորձն ու գործը

Թիկունքում, բայց զինվորի պես․ Արցախում պատերազմի առաջին օրից մինչև հիմա Հայաստանում տարբեր անհատներ ինքնակազմակերպվել ու կազմակերպել են զինծառայողներին ու Հայաստան եկածներին անհրաժեշտ օգնության հավաքագրումը։

PanARMENIAN.Net - Երևանի որոշ զբոսայգիներում ու թատրոնների դիմաց մեծ թվով կամավորներ են, իսկ այդ ուղղությամբ շարժվողները մեծ տոպրակներով են՝ բերում են այն, ինչ կարողացել են, անհրաժեշտ են համարել կամ ցանկացել։

PanARMENIAN.Net ը մի աշխատանքային օրվա կեսը կամավորություն է արել՝ հասկանալու՝ ինչ կա-չկա ցանցից դուրս, իրական թիկունքում և իրականում որքան է դրա լայնությունն ու ինչպիսին՝ ամրությունը։

Մեր տանկը թխալու ա․ Արցախի երեխաները՝ ժամանակվորապես Երևանում են, կամավորները՝ նրանց կողքին

Yanhairt Studio-ն հիմնադրած Սառան միշտ ուզել է երեխաներին նկարել սովորեցնել, ստուդիան հենց դրա համար էլ հիմնել է։ Արցախում սկսված պատերազմը մի փոքր փոխել է Սառայի կենտրոնի գործունեությունը․ հիմա ոչ թե երեխաներն են գալիս իր մոտ, այլ՝ ինքն է գնում։ Սառան հոսթելներից մեկում հյուրընկալված արցախցի երեխաներին բերել է ներկեր, վրձիններ, գունավոր թղթեր, պլաստիլին ու էլի շատ պարագաներ։ Թուղթ-թանաքն ընկերների հետ է գնել, օրվա մեջ երեխաների մի քանի խմբի է այցելում։

Արտ-թերապիան սկսվում է Արցախի ու Հայաստանի դրոշները փոքրերի դեմքին նկարելով․ նրանք ուզում են նաև պարտադիր գրվի «Հաղթել ենք» կամ «Հաղթելու ենք»։

Սեղանի շուրջ 5-6 ընտանիքի մոտ 12 երեխա կա, նրանցից 5-ն են տղա, 5-ից 4-ը պլաստիլինով տանկ են սարքում։ Նրանք կամավոր են տանկ սարքելու որոշում կայացրել․ նույնիսկ այն, ինչ ամենաքիչն է տանկի նման, իրենց ասելով՝ էլի տանկ է։

6-ամյա Դանիելը, որ եկել է Մարտակերտից ու իսկական տանկ տեսել Տիգրանակերտում, գիտի՝ որն ինչպես դասավորել, ինչն ինչ գույնով անել, որ իր «մարտական աշխատանքը ճիշտ թխի» (հարվածի)։

Դանիելի խոշոր ու սև աչքերը կլորանում ու պայծառ փայլում են՝ մեկ, երբ Սառան օգնում է ճիշտ գունավորել իր տանկը, մեկ էլ՝ երբ քույրը պատմում էր իր երազանքներից։

Քույրը Նարեն է, 9 տարեկան․ Դանիելը ոգևորությամբ ու մի առանձնահատուկ հպարտությամբ է ասում՝ Նարեն նախ դառնալու է թարգմանիչ, ապա՝ բժիշկ, հետո լրագրող։

«Մարտակերտ թխում են, հարվածում էլի, մամայիս ու բաբոյիս հետ եմ եկել։ Տարբեր պեներ եմ անում Մարտակերտում։ Խաղ եմ անում, մուլտիկ եմ յեշում։ Ամենասիրած մուլտիկը՞, վեշ մինը։ Լրագրող եմ ուզում դառնամ։ Հա, ճիշտ ա, սկզբից թարգմանիչ եմ ուզում դառնամ, հետո՝ բժիշկ, հետո՝ լրագրող։ Ուզում եմ դառնալ լրագրող, որ գնամ տարբեր երկրներ։ Փոքր քաղաք ա Մարտակերտը։ Մեզ մոտ ամենաշատը բոստան են ջրում։ Օրինակ՝ իմ պապան շինարար ա, բայց էնա, պոստում ա։ Մենք մի հատ էլ տուն ունենք, ուզում էինք սարքեինք, բայց ծախում ենք»,-բոլոր պլանների մասին միանգամից կիսվում է Նարեն ու ավարտում պլաստիլինի հետ խաղը։

Երեխաներն ու մայրերը պատրաստվում են ճաշել, Սառան հավաքում է իրերն ու գնում ուրիշ խմբի մոտ, մենք՝ ուրիշ կամավորների։

Ուրիշ կամավորները․ Մանյան, Մհերը, Աննան, Սամվելը և մյուսները ներկայացնում են ինքնակազմակերպվելու իրենց օրինակը

Սեպտեմբերի 28-ից Երևանի Անգլիական այգում (Կոմայգում) մի խումբ կամավորների ջանքերով հագուստ, սնունդ, անհրաժեշտ պարագաներ են հավաքվում, դասավորում և ուղարկվում դրանց կարիքն ունեցողներին։ Մանյան, Մհերը, Աննան ու Սամվելը պատմում են իրենց նախաձեռնության ու դրան միացածների մասին։

Ամեն ինչ սկսվել է իրարից անկախ ընտանիքների օգնություն հասցնելուց կամ Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխելուց։ Հետո ֆեյսբուքյան իրենց էջերում կիսվել են անհրաժեշտ օգնության մասին հրապարակումներով, բազմաթիվ արձագանքներ ստացել ու ինքնակազմակերպվել։

Մանյա. Առաջին 3 օրը գիշերներն էլ չենք քնել ու չենք էլ նկարել, ճիշտն ասած։ Այդ օրերին մի քանի անգամ ավելի շատ մարդ կար այստեղ։ Ինչի՞ց սկսեց, ընդամենը ուզում էի գնայի Սիսիան, օգնեի լանչբոքսեր սարքել։ Հետո լրագրողները մի քանի ընտանիքի կոնտակտ փոխանցեցին, ընկերներով գնացինք, անհրաժեշտ իրեր տարանք։ Ապա մեքենաների կարիք եղավ, օգնեցինք։ Ի վերջո` այս տարածքում սկսեցինք կենտրոնացնել օգնությունը։ Այո, մեզ վստահում են։ Կարծում եմ՝ դա նաև այն բանի շնորհիվ է, որ ֆեյսբուքում մեծ լսարան, շատ ընկերներ ու խմբեր ունենք։ Ամենաանհրաժեշտ պարագաներն են՝ սնունդը, պահածոները, հիգիենայի պարագաները, քաղցրավենքին ու նաև ներքնաշորերը։

Մհեր. Առաջին օրերին աշխատանքն իրոք շատ էր, ու մենք ոչ մի վայրկյան չէինք կորցնում, մտածում էինք՝ ինչպես անենք, մի ընտանիքի ավելի օգնենք։ Փորձել ենք համակարգված աշխատել մարդկանց տեղավորելու հարցում, գործակցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատող ՀԿ-ների հետ, հիմա թաղապետարաններից են մեզ հետ կապվում, մարդիկ են իրար փոխանցում մեր կոնտակտները։ Ավելի համակարգված է դարձել աշխատանքը, այնքան, որ նույնիսկ թափոններն ենք տալիս վերամշակման։

Սամվել. Մոտ 7 համակարգող ենք, օժանդակության սպասող ընտանիքների մեծ բազա ունենք, շրջաններ էլ ենք ուղարկում։ Այդ հարցում մեզ կամավոր վարորդներն են օգնում, հիմա նաև փորձում ենք նրանց մեքենայի վառելիքի հարցը լուծել։ Ի դեպ, միակ մարզը, որտեղից դեռ ոչինչ չեն խնդրել, Լոռին է․ իրենք ներսում ինքնակազմակերպվում են, ենթադրաբար՝ ՏԻՄ-ի միջոցով։ Պիտի տեսնեիք՝ լիքը վարորդներ կային շարված, սպասում էին, որ օգնություն փոխանցեն դրա կարիքն ունեցող ընտանիքների։

Մի քանի բիզնեսներ կան, արագ վերապրոֆիլավորվել են ու աշխատում են ըստ օրվա պահաջնի՝ քնապարկ, գլխարկ, անհրաժեշտ այլ պարագաներ են կարում։

Աննա. Շատ դեպքերում ուղղակի գիշերազգեստով մարդիկ փախել են հրետակոծվող քաղաքներից ու գյուղերից։ Այստեղ մենք հավաքում ենք քաղաքացիների բերած հագուստը, տեսակավորում ու տրամադրում դրանց կարիքն ունեցողներին։ Ընտրում ենք այնպես, ինչպես մենք կհագնեինք։ Բերված հագուստը տեսակավորվում է։ Երբեք կամավորների պակաս չենք ունեցել, շատ մարդիկ կան, որ այս օրերին ուզում են օգտակար լինել թիկունքում։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---