Մինչ մենք քնած էինք, նրանք ճախրեցին

Մինչ մենք քնած էինք, նրանք ճախրեցին

Ինչպես սկսվեց թուրքական ինժեներական մտքի անօդաչու թռիչքը

Հեռավոր 2003-ին Հայաստանում մասնավորեցրին երբեմնի արդյունաբերական հսկա «Օրբիտան»՝ գործարան, որն ի թիվս այլ արտադրանքի, ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի համար բարդ օպտիկական սարքեր էր արտադրում։ Դրանից մեկ տարի անց Թուրքիայում Սելջուկ Բայրակթար անունով մի երիտասարդի՝ հոր ընկերության կազմում հիմնադրած ստորաբաժանումն օդ կբարձրացնի սեփական ծրագրային ապահովմամբ առաջին դրոնը։

PanARMENIAN.Net - Հաջորդ տարի մի կերպ թռնող, հազիվ վայրէջք կատարող փոքրիկ խաղալիքը, որի ուրվագծերում այսօր արդեն ցանկացած հայ կճանաչի ապագա TB2-ը, կկատարի Թուրքիայի ՊՆ համար առաջին ցուցադրական թռիչքը։ Իսկ 2020-ին այդ խաղալիքի «թոռը» կդառնա հայերի հերթական հայրենազրկման սիմվոլներից ու հիմնական գործիքներից մեկը։

«Օրբիտայից» ու մի շարք այլ գիտական կենտրոններից ու գործարաններից էլ մնացին լքված շենքեր ու քաղցր հուշեր։

Այսօր Բայրաքթարը ազդեցիկ է ոչ միայն Թուրքիայում, այլև լուրջ խաղացող է դարձել միջազգային մակարդակով: Սելջուկ Բայրաքթարի մասին գրում է միջազգային մամուլը, քննարկում ոլորտի փորձագետները, գործակցության եզրեր փնտրում տասնյակ երկրներ և կազմակերպություններ: Ադրբեջանում 10+ տարեկան երեխաների համար Սելջուկ Բայրաքթարի և իր ստեղծած ԱԹՍ-ների մասին գիրք են գրել: Վերջինս, ի դեպ, զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում հայատյացությունը ներարկում են մանկապարտեզից սկսած: Սակայն ընդամենը տարիներ առաջ թուրքական զինվորական վերնախավն էլ, մեղմ ասած, ոգևորված չէր երիտասարդի հետ աշխատելու հեռանկարով: Սելջուկ Բայրաքթարը 2004-ին մագիստրոսի կոչում է ստացել Փենսիլվանիայի Համալսարանում, 2006-ին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Հետո վերադարձել է Թուրքիա և 2007-ին 28 տարեկանում դարձել է թուրքական ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերության տեխնիկական տնօրենը:

Մի քանի տարի և աշխարհաքաղաքական մի քանի շրջադարձեր պահանջվեցին մինչև Բայրաքթարը դարձավ ոլորտի առաջամարտիկներից: Դեռ 2005-ին երիտասարդ ինժեները համոզում էր թուրք պաշտոնյաների մի խմբի, որպեսզի մասնակցեն իր նախագծած դրոնի փոքր ցուցադրությանը: Ավելի վաղ նրան նույնիսկ չէր հաջողվում ԱԹՍ-ները փորձարկելու թույլտվություն ստանալ: Այդ տարիներին զինվորական վերնախավը նախընտրում էր ԱԹՍ-ները ձեռք բերել Միացյալ Նահանգներից կամ էլ Իսրայելից և առանձնապես ոգևորված չէր թուրքական արտադրությամբ: Սելջուկ Բայրաքթարն էլ պնդում էր, որ պետական ֆինանսավորման և աջակցության դեպքում մի քանի տարի հետո Թուրքիան անկախ խաղացող կդառնա: Թուրքական գեներալիտետի թերահավատությանը բախվում էր նաև Սելջուկի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը: Այս պատմության մեջ սակայն մեկ այլ «հերոս» էլ կա: Փոխգնդապետ Մելիհ Գուլովան ավագ Բայրաքթարի հետ ծանոթացել և մտերմացել է 2000-ականների սկզբին: Նա այն եզակի զինվորականներից էր, որ հետաքրքրված էր թուրքական արտադրության անօդաչուների ստեղծմամբ և կարծում էր, որ սեփական արտադրություն հիմնելը Թուրքիային շատ ավելի անկախ կդարձնի: Նրանք նույնիսկ միասին տեխնոլոգիական արտադրամաս էին հիմնել և երկու տարում առաջին մինի ԱԹՍ-ն նախագծել: Այս լուսանկարը այդ գործակցության փաստացի ապացույցներից է: 2007-ին փոխգնդապետը սպանվում է քրդերի ձեռքով: Օզդեմիր Բայրաքթարն էլ ընկերոջ հիշատակին խոստանում է ավարտել կիսատ թողածը:

Թուրքիայի զինուժը բայրաքթարների առաջին խմբաքանակը ստացավ 2014-ի նոյեմբերին: 2021-ի նոյեմբերի տվյալով ընդհանուր առմամբ բայրաքթարների թռիչքները հատել են 400 հազար ժամի սահմանը: Հարվածային և հետախուզական բայրաքթարները Թուրքիան առավել հաճախ օգտագործել է Սիրիայում և Լիբիայում: Թուրքիան այն եզակի երկրներից է, որ ԱԹՍ-ներն օգտագործում է նաև սեփական երկրի տարածքում, ավելի կոնկրետ՝ քրդաբնակ շրջաններում: Տարբեր տվյալներով վերջին տարիներին թուրքական դրոնները երկրի տարածքում 400-ից ավելի քաղաքացիական անձանց (քրդերի) են սպանել: Ահաբեկիչներին ֆինանսավորող և Ադրբեջան ուղարկող Էրդողանն, իհարկե, իրեն հատուկ ոճով այդ մարդկանց ահաբեկիչ է անվանել, գործողություններն էլ՝ հակաահաբեկչական:

Միայն 2020-ին Baykar ընկերությունն արտահանել է 360 միլիոն դոլարի ավիացիոն համակարգեր: Գնորդների թվում՝ Ադրբեջան, Քաթար, Լեհաստան, Ղրղզստան, Մարոկկո… Հատկապես ուշագրավ է Ուկրաինայի հետ առևտուրը: Դեռ 2018-ի վերջին Կիևը բայրաքթարներ գնեց Թուրքիայից: 2019-ին էլ ուկրաինական պետական մի ընկերություն թուրքական Baykar-ի հետ համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր ստորագրեց: Ի դեպ, Baykar-ի Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ-ների շարժիչը հենց այս ընկերության արտադրությունն է:

Akıncı անօդաչուների մշակումը 2017-ին է սկսվել, առաջին փորձնական թռիչքն անցկացվել է 2019-ին: 2021-ին ԱԹՍ-ները համալրել են թուրքական զինուժի զինանոցը: Աքընջը ԱԹՍ-ները մի քանի անգամ ավելի հզոր են, քան բայրաքթարը: Մարտական հնարավորությունները պատկերացնելու համար մի քանի տվյալն էլ բավական է. Թռիչքի առավելագույն բարձրությունը 12 կմ է, թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժամ: ԱԹՍ-ին կցվում է 6 հրթիռ:

Թուրքական ԱԹՍ-ներն այսօր զենքի շուկայում, հատկապես՝ ցածր գնի շնորհիվ, մրցում են ամերիկյան և բրիտանական դրոնների հետ: 2021-ին անօդաչուները դարձել են ամենագովազդվող թուրքական ապրանքը: Իսկ Baykar-ի ինժեներական թիմն այժմ նախագծում է նոր թռչող սարք․ այն, իրենց ասելով, պիտի մրցի կամ մոտ լինի 5-րդ սերնդի կործանիչներին, միաժամանակ, ԱԹՍ մնալով։ Հայաստանում էլ 2022-ին պահպանում են 20 տարվա վաղեմության ավանդույթները․ այստեղ բարձրահարկ են կառուցելու օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում, վտանգելով կենտրոնի գոյությունը։

Գուցե կենտրոնից էլ մնան միայն քաղցր հուշեր։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---