«Ռմբակոծելով» ՌԴ տնտեսությունը

«Ռմբակոծելով» ՌԴ տնտեսությունը

Պատժամիջոցների ինչ փաթեթներ է սահմանել Արևմուտքը

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները թարմանում են ժամ առ ժամ: Բանկերից մինչև ավիահաղորդակցություն և ներդրումներ, համացանցից մինչև մշակույթ և սպորտ. Արևմուտքը թիրախային հարվածներ է հասցնում բոլոր ոլորտներում:

PanARMENIAN.Net - Պատերազմի առաջին օրը Ռուսաստանի 22 ամենահարուստ բիզնեսմենը 24 ժամից էլ պակաս ժամանակում 39 միլիարդ դոլար կորցրին: Հետո պարզվեց՝ դա միայն սկիզբն էր: Պատերազմը ռուսների վրա թանկ է նստում:

2014-ի արևմտյան պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանին ստիպեց ավելի ամուր, ինքնաբավ և ճգնաժամային իրավիճակներում հնարավորինս կառավարելի ու կանխատեսելի ֆինանսատնտեսական համակարգ ստեղծել: Նոր պատժամիջոցներն այդ համակարգը ստուգելու որոշիչ քննությունն են:

Պատերազմի առաջին օրը ռուսական բաժնետոմսերի 33% անկումը սպասվող պատժամիջոցների ֆոնին առաջին հարվածն էր: Միացյալ Նահանգների, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները թարմացվում են ամեն օր: Նախ Եվրամիությունը ներկայացրեց առաջին փաթեթը: Ֆինանսատնտեսական սահմանափակումները տարածվեցին միանգամից մի քանի բանկերի և անձանց վրա: Ռուսաստանի մուտքը ԵՄ ֆինանսական և կապիտալի շուկաներ կտրուկ սահմանափակվեց: Եվրամիությունը սահմանեց նաև արտահանման արգելք, որը վերաբերում է նաև տիեզերական և ավիացիոն արդյունաբերության տեխնոլոգիաներին: Արգելվել է անհրաժեշտ տեխնիկական և ֆինանսական աջակցությունը: Սա նշանակում է, որ ԵՄ տարածքից ռուսական ավիաընկերություններին օդանավեր կամ պահեստամասեր այլևս չեն վաճառվի: Առաջին փաթեթը թիրախավորեց նաև նավթավերամշակման ոլորտը: ԵՄ-ն արգելեց տեխնոլոգիաների վաճառքն ու մատակարարումը:

Առաջին փաթեթից հետո Կրեմլը հայտարարեց, որ Մոսկվան պատժամիջոցներին վաղուց արդեն սովոր է, բայց դրան հաջորդեց արևմտյան երկրորդ, ավելի ցավոտ փաթեթը: Թիրախում՝ ռազմարդյունաբերություն, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներ, պետական ձեռնարկություններ և Ռուսաստանի բանկային համակարգի շուրջ 70 տոկոսը: Սրա ֆոնին Ռուսաստանում աճում են հիփոթեքի տոկոսադրույքները: Ռուսական ՎՏԲ բանկի դեպքում օրինակ, նվազագույն տոկոսադրույքը 15.3 տոկոսի է հասել: Իրավիճակն ավելի բարդացրեց SWIFT-ը: Բրյուսելում պատերազմի սկզբից սեղանին դրված SWIFT-ի անջատման շուրջ ԵՄ անդամներն արդեն կոնսենսուս ունեն: Ռուսական մի քանի բանկ կանջատվի SWIFT համակարգից: Այս որոշումը համաձայնեցված է Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, նաև Ճապոնիայի հետ:

Եվրամիությունն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը ռուսական քաղաքացիական և մասնավոր ինքնաթիռների համար: Սա նշանակում է, որ մի քանի անգամ ավելացել է ոչ միայն թռիչքի երկարությունը, այլև ավիատոմսերի արժեքները: Միլան-Դուբայ-Մոսկվա չվերթի տոմսի արժեքը մոտ 400 հազար ռուբլի է:

Այս ամենի ֆոնին արևմտյան երկրները ճնշում են նաև Ռուսաստանի Կենտրոնական Բանկին, թույլ չտալով զսպել ռուբլու փոխարժեքի անկումը: Կենտրոնական Բանկի 630 միլիարդ դոլարի միջազգային պահուստները կարող էին կանխել անդառնալի հետևանքներն ու ցնցումները: Սակայն նոր պատժամիջոցներով կենտրոնական բանկի պահուստների մոտ կեսը կսառեցվի՝ կաթվածահար անելով բանկի ակտիվները: Ավելի պարզ, սա նշանակում է, որ կսառեցվեն գործարքները, ակտիվները վաճառել հնարավոր չի լինի: Կենտրոնական Բանկն էլ նոր սահմանափակումների ֆոնին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է շուրջ 10 տոկոսով և հասցրել 20 տոկոսի: Սա կօգնի գոնե սկզբնական փուլում պահպանել գների կայունությունը և խուսափել խնայողությունների արժեզրկումից:

Իր հերթին Միացյալ Նահանգները ևս ռուսական բիզնեսի և ֆինանսատնտեսական ընդհանուր համակարգի համար չափազանց բարդ իրավիճակ է ստեղծել: Նախ՝ Ռուսաստանի համար սահմանափակվում են դոլարով, եվրոյով, ֆունտ ստերլինգով և յենով համաշխարհային շուկայում առևտուր անելու հնարավորությունները: Պատերազմի առաջին օրն ԱՄՆ-ն արդեն արգելափակել էր ռուսական 4 խոշոր բանկեր, մոտ 1 տրիլիոն դոլարի ակտիվները սառեցվել էին: ԱՄՆ պատժամիջոցներն անդրադարձել են նաև Ռուսաստանի սուվերեն պարտքի վրա, ինչը նշանակում է, որ արևմուտքից Ռուսաստանի կառավարությանը որևէ ֆինանսավորում չի գնա:

Պատժամիջոցների հետևանքները և երկարաժամկետ ազդեցությունն իրենց զգացնել կտան դեռ առաջիկա ամիսների ընթացքում: Պատերազմը և պատժամիջոցներն առաջին հերթին նշանակում են անորոշություն, հետևաբար նաև գնաճ, ռուբլու արժեզրկում, ներդրումների աննախադեպ նվազում և իզոլացում: Տնտեսական ծանր հարվածների ֆոնին ռուսների համար պակաս կարևոր են դառնում տասնյակ սպորտային միջոցառումների տեղափոխումը, ռուսական մեդիայի արգելափակումը կամ Եվրատեսիլին չմասնակցելը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---