Ինչպես տապալել պոլիոմելիտի դեմ պայքարը բեն Լադենին հետապնդելու ընթացքում

Ինչպես տապալել պոլիոմելիտի դեմ պայքարը բեն Լադենին հետապնդելու ընթացքում

Լայֆհաք՝ ամերիկյան հետախուզությունից

Ամերիկյան հետախուզության մեկ անզգույշ քայլն ու Ուսամա բեն Լադենին հետապնդելու առանցքային նպատակը Պակիստանում պոլիոմելիտի չնվազող թվերի և պատվաստանյութերի դեմ արշավի պատճառ դարձան։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը պատմում է ամերիկյան հատուկ գործողության, պոլիոմելիտի դեմ պայքարի ու ներկա մարտահրավերների մասին:

Վերջին տասնամյակներին այս վարակի դեմ պատվաստանյութն իրական փրկություն է աշխարհի մեծ մասի համար, բայց կար մի շրջան, երբ պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը ոչ միայն միանշանակ չէր, այլև չափազանց սուր էր։ Պակիստանում բազմաթիվ առիթներով վերհանվել ու աճել է պատվաստանյութերի դեմ արշավը, բայց ամենաքննարկված ու հակասական դեպքը, որ հասարակական մեծ դժգոհության և պատվաստանյութերի դեմ կասկածի մեծ ալիք բարձրացրեց՝ 2011-ին էր: Ուսամա բեն Լադենին փնտրելու ընթացքում ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությունը Պակիստանում մարդկանց պատվաստելու կեղծ գործընթաց էր սկսել: Իրականում փորձում էին բեն Լադենի ընտանիքի ԴՆԹ-ն ստանալ: Սա իսլամիստ ծայրահեղականների շրջանում պատվաստանյութերի դեմ մեծ արշավի պատճառ դարձավ: Սա հստակ արձանագրված է նաև թվերով: Հետազոտությունը ցույց է տալիս, որ 2008-2012 թվականների տվյալները համեմատելով, Պակիստանի այն շրջաններում, որտեղ իսլամիստ ծայրահեղականներն ավելի մեծ աջակցություն ունեին՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումներն օրինակ նվազել էին 39 տոկոսով: Իսլամիստներին աջակցող շրջաններում պոլիոմիելիտի դեպքերը գրեթե երկու անգամ ավելի շատ էին, քան մյուս շրջաններում:

Հիմա վերհիշենք պոլիոմիելիտի գլխավոր ախտանշանները: Վարակիչ այս հիվանդությունը տարածվում է օդակաթիլային և սննդային ճանապարհներով: Վարակն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը, առաջացնում է կայուն հաշմանդամություն: Հիվանդները հիմնականում 2-5 տարեկան երեխաներն են: Այս վարակի ամենամեծ ալիքը գրանցվել է 20-րդ դարի կեսերին, հաշմանդամ է դարձրել տասնյակ հազարավոր երեխաների, հազարավորները մահացել են: Վարակիչ հիվանդության տարածումը հնարավոր եղավ նվազեցնել և որոշ երկրներում առհասարակ վերացնել՝ պատվաստանյութերի ստեղծման և զանգվածային պատվաստումների արդյունքում: Հետո պարզվեց, որ այստեղ ևս ամեն ինչ հարթ չէ:

Պոլիոմիելիտի տեղային բռնկումները որոշ երկրներում, մասնավորապես Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, անխուսափելի են: Թեև վերջին տարիներին վարակվածների թիվը զգալիորեն նվազել է: Պակիստանում օրինակ, 15 ամսվա մեջ առաջին անգամ պոլիոմիելիտի առաջին դեպքն է գրանցվել՝ պարալիզացվել է 15 ամսական մի երեխա: 1990-ականներին Պակիստանում տարեկան 20 հազար երեխա էր վարակվում այս հիվանդությամբ:

Հիմա կրկին պատվաստանյութերի մասին: Վերջին 15 տարում միլիարդավոր դոլարներ դոլարներ են ծախսվել պատվաստանյութերի միջոցով վարակը վերացնելու համար: Եթե 1988-ին տարեկան 350 հազար դեպք էր գրանցվում, 2016-ին թիվը նվազել և հասել է մի քանի տասնյակի: Պարզվում է՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութերը բացի ակնհայտ օգուտներից նաև պոտենցիալ վտանգներ են պարունակում և կարող են վիրուսի տարածման պատճառ դառնալ: Իրականում պատճառը պատվաստանյութերի տեսակի մեջ է: Եթե արևմտյան երկրներում երեխաներին պատվաստում են ներարկման միջոցով, ապա երրորդ աշխարհի զարգացող երկրներում երեխաները պատվաստանյութը ստանում են բերանով: Այս տարբերակը մատչելի է, պարզ, հարմար, երկու դեղաչափ ընդունելուց հետո էլ կարելի է 90 տոկոսանոց իմունիտետ ձեռք բերել: Սակայն մյուս կողմից՝ պատվաստանյութի այս տարբերակը ստանում են թուլացած, բայց կենդանի վիրուսից և հենց այստեղ էլ առաջանում են խնդիրները:

Պարզվում է, որ երեխաները, որոնք պատվաստվել են կենդանի վիրուսով՝ կարող են վարակի տարածման պատճառ դառնալ: Բանն այն է, որ նրանց կղանքը կոյուղաջրերի միջոցով կարող է տարածվել, կենդանի վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, վերականգնել վիրուսային ուժը և սանիտարական վատ պայմանների դեպքում վարակել չպատվաստված մեկին: Սա իսկապես վտանգավոր և իրատեսական սցենար է, հաշվի առնելով, որ զարգացող բազմաթիվ երկրներում սանիտարական պայմանները մեղմ ասած բարենպաստ չեն և կեղտաջրերի հետ շփումը, հետևաբար վարակի տարածումն, ամենևին էլ բացառված չէ: Սա հաշվի առնելով գիտնականները ստեղծել են նոր պատվաստանյութ, որի դեպքում կենդանի վիրուսի համար շատ ավելի բարդ կլինի մուտացիայի ենթարկվել և տարածել վարակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս պատվաստանյութը հաստատել է՝ արտակարգ դեպքերում օգտագործելու համար: 14 երկրներում պատվաստանյութի 265 միլիոն դեղաչափ արդեն կիրառվում է:

Ի դեպ, դավադրության տեսությունների գլխավոր հերոս Բիլ Գեյթսի ներդրումը պոլիոմելիտի դեմ պայքարում և պատվաստանյութերի ստեղծման հարցում իրականում շատ մեծ է։ Դեռ 2000֊ականների սկզբին «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմադրամը տասնյակ միլիոնավոր դոլարներ էր տրամադրել պոլիոմելիտի դեմ նոր պատվաստանյութի ստեղծման համար։ Պատվաստանյութը ստեղծվեց և Գեյթսի հասցեին մեղադրանքների նոր տարափ սկսվեց։ Վարկած կար, թե պատվաստանյութը Հնդկաստանում շուրջ 50 հազար երեխայի պարալիզացրել է։ Հետո թե՛ այս պնդումները, թե՛ Գեյթսի դեմ դատական հայց ներկայացնելու պնդումները հերքվեցին։

Վերջում՝ Հայաստան: Պոլիոմիելիտը Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների ցանկում է: Պատվաստումների շնորհիվ մեր երկրում 1995 թվականից պոլիոմիելիտի դեպքեր այլևս չեն գրանցվում: 2002-ին էլ Հայաստանը հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր: Սրան զուգահեռ կա նաև վատ միտում: 2018-ից պոլիոմիելիտի դեմ պատվաստումների թիվը թեև դանդաղ, բայց նվազում է:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---