Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը

Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը

Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև

Թուրքիայի նախագահը վերջապես գտել է պահը, որին սպասում էր չափազանց երկար՝ ԱՄՆ֊ի և Ռուսաստանի միջև մեծ առևտուրը սկսելու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը սաբոտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը, երբ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրի «այո»–ն:

PanARMENIAN.Net - «Գալիս են մեզ հակառակը համոզելո՞ւ։ Կներեք, բայց թող իրենց նեղություն չտան և չգան։ Մենք «այո» չենք ասի ՆԱՏՕ-ին այդ երկրների միանալուն: Դա հնարավոր չէ», – սա էրդողանի արձագանքն էր Թուրքիայի հետ խոսելու Ֆինլանդիայի և Շվեդիայի փորձերին:

Այդ երկրները պատրաստվում էին պատվիրակություններ ուղարկել Թուրքիա։ Բայց Թուրքիայի նախագահը փաստացի հասկացնում է, որ այս հարցով իր հետ պետք է խոսեն ո՛չ Ֆինլանդիան և Շվեդիան:

Քաղաքական պատշաճությունը պահելու համար, Էրդողանը, իհարկե, նշում է իր բոյկոտի պաշտոնական պատճառաբանությունը․ «Մենք սրանց ինչպես հավատանք, եթե այդ երկու երկիրը բացել են իրենց դռներն ահաբեկիչների առաջ, այդ երկրները պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի դեմ»։

Ահաբեկիչներ էրդողանն անվանում է քրդերին։ Եվ Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրել է Թուրքիայի թշնամիներին ապաստան տալու մեջ՝ քրդերից բացի նկատի ունենալով գյուլենականներին, որոնց մեղադրում է իր դեմ 2016–ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Մյուս կողմից, կա Հունաստանի գործոնը։ 1974–ին, երբ Թուրքիան հարձակվեց Կիպրոսի վրա և օկուպացրեց կղզու հյուսիսը, Հունաստանը դուրս եկավ ՆԱՏՕ–ից։ Վերադարձավ 1980-ին։ Եվ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունը սխալվել է՝ թույլ տալով Հունաստանի վերադարձը։

Սրանք Էրդողանի հայտարարություններն էին, բայց միջազգային մեդիայում նաև հայտնվել են արտահոսքեր թուրքական դիվանագիտական վերնախավից, ըստ որի Թուրքիան ձևակերպել է սաբոտաժը դադարեցնելու 5 պահանջ:

Դրանք են՝ Ֆինլանդիան և Շվեդիան պետք է ահաբեկչական խմբավորումներ հայտարարեն Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում թուրքերի դեմ կռվող քրդերին, չեղարկեն այդ քրդերին կոտորելու պատճառով Թուրքիայի դեմ սահմանված զենքի վաճառքի արգելքը: Միացյալ Նահանգները պետք է Թուրքիան նորից ներառի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում, որից Թուրքիային վտարել էին ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: ԱՄՆ֊ն պետք է նաև չեղարկի նույն Ս֊400 ՀՕՊ-երը գնելուց հետո Թուրքիայի դեմ սահմանած մյուս պատժամիջոցները, և հաստատի Թուրքիային նոր F-16 կործանիչներ վաճառելու գործարքը:

Թուրքիայի ազգայնամոլական և Էրդողանի դաշնակից կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին կոչ է արել պահել ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ի սպասասրահում՝ Ռուսաստանին ավելի չզայրացնելու համար: Փաստացի Թուրքիան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ չթողնելով, որ գործը հասնի Ռուսաստանի միջամտությանը: Ինչից էլ ակհնայտ է դառնում, թե ինչ կամ ով է ընկած Պուտինի զուսպ արձագանքի տակ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, մեկնաբանելով Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտը, ասաց. «Ռուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ և ՆԱՏՕ–ին այդ երկրների անդամակցությունը անմիջական սպառնալիք չի ստեղծում Ռուսաստանի համար, բայց այդ երկրների տարածքում ՆԱՏՕ–ի ռազմական ներկայության ընդլայնմանը, Ռուսաստանը, անխոս, կարձագանքի»։

Ակնառու է, որ Վաշինգտոնից բացի Էրդողանն այս պահին առևտրի մեջ է նաև Ռուսաստանի հետ և փորձելու է ՆԱՏՕ–ին իր «ոչ»–ը վաճառել ամենաթանկ գնով։ Եվ այս պահին ռուս֊թուրքական ակտիվ թեմաների մեջ են նաև Հայաստանն ու Արցախը։

Անի Ավետյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---