ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ետ է կանչել Ռուդոլֆ Պերինային:

Միացյալ նահանգները կրկին փոխեց ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին: Վաշինգտոնն արդեն վերջնական որոշում է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից Ռուդոլֆ Պերինային ազատելու վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակացությունների համակարգումը Սպիտակ տունը վստահել է Ստիվեն Մաննին, որը մինչ այժմ պետքարտուղարի` Կասպյան տարածաշրջանի գծով խորհրդականն էր:
PanARMENIAN.Net - Նոր նշանակման մասին տեղեկությունը հանձնարարաված էր հրապարակել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինե Հարնիշին, որը, չգիտես ինչու, նախընտրեց դա անել Ադրբեջանի պաշտպանության նախարարի աշխատասենյակում: Հենց Սաֆար Աբիեւի հետ զրույցում դիվանագետը հայտարարեց նոր համանախագահի անունը: Կասկած չկա, որ այդ նշանակումն արվել էր Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելուց հետո, սակայն կարելի էր առավել հարմար տեղ եւ առիթ գտնել որոշման հրապարակայնացման համար: Հատկանշական է նաեւ այն, որ Աբիեւի հետ զրույցի ժամանակ Ռինո Հարնիշը հիշեցրեց Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի վերջես արված այն արտահայտությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նախընտրելի է փուլային տարբերակը: Նշենք, որ ընդհանրապես ԱՄՆ-ի արտաքին գործերի հարցերով զբաղվում է պետքարտուղարը եւ ոչ` պաշտպանության նախարարը:

Եթե Երեւանում Ստիվեն Մաննի մասին միայն լսել են, ապա Ադրբեջանի համար նա նոր մարդ չէ: Կասպյան տարածաշրջանի հատուկ ներկայացուցչի պաշտոնավարման ընթացքում Մաննը մոտ տասն անգամ եղել է Բաքվում եւ հասցրել է բավականաչափ լավ հարաբերություններ հաստատել Իլհամ Ալիեւի հետ: Ի դեպ, Ադրբեջանը շատ բանով է պարտական Մաննին: Հենց նրա ջանքերի շնորհիվ հաջողվեց կանխել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նախագծի ձախողումը: Ամերիկյան դիվանագետին հաջողվեց Ղազախստանի կառավարությանը համոզել օգտվելու ադրբեջանական տրանզիտից, որն էլ եւ նախագիծը դարձրեց եկամտաբեր: Պաշտոնական Աստանայի վրա Մանն իր ազդեցությունը պահպանեց Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան եղած ժամանակահատվածում:

Բաքվում ողջունեցին Ստիվեն Մաննի նշանակումը: Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Էլդար Նամազովը նշանակումն անվանել է Մինսկի խմբի գոյության ողջ պատմության մեջ ամենահաջողվածը: Դժվար չէ հասկանալ ադրբեջանցիների գոհունակության պատճառը: Նրանք կարծում են, որ Մաննը առավել հաշվի կառնի ադրբեջանական կողմի փաստարկները, քանի որ նավթի հետ կապված հետաքրքրություններ ունի եւ գտնվում է Ադրբեջանում գործող նավթային կորպորացիաների ազդեցության տակ: Առայժմ դժվար է ասել, թե որքանով են այս սպասումներն արդարացված: Սակայն տպավորությունն այն է, որ նախորդ համանախագահն առավել նախընտրելի էր Հայաստանի համար: Ռուդոլֆ Պերինան, ինչպես նաեւ նրա նախորդ Քերի Քավանոն, ազատ էր նավթային ընկերությունների ազդեցությունից եւ երբեք չէր բացառում Ղարաբաղի ժողովրդի ինքնուրույնության իրավունքը: Պերինան, որ միաժամանակ նորանկախ պետություններում հակամարտությունների գծով պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչն էր, մշտապես նշում էր ղարաբաղյան խնդրի տարբերությունը Մերձդնեստրի եւ Աբխազիայի հակամարտություններից: «Միջազգային հանրությունը պատրաստ չէ ճանաչել ոչ Հարավային Օսեթիայի, ոչ Աբխազիայի եւ ոչ էլ Մերձդնեստրի անկախությունը: Լեռնային Ղարաբաղի դեպքը մի փոքր այլ է»,- 2002թ.-ի դեկտեմբերին հայտարարել է Պերինան:

Նոր համանախագահի անվան հայտարարումից դեռեւս առաջ հայտնի էր, որ Մինսկի խմբի փոփոխություններն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի նախագահի կադրային քաղաքականության վրա: Կասկած չկա, որ Վիլայաթ Գուլիեւի պաշտոնանկությունն անուղղակիորեն կապված էր Պերինայի հեռացման հետ: Եթե համանախագահի սպասվող փոփոխությունը չլիներ, Ալիեւը դժվար թե շտապողականություն ցուցաբերեր Մամեդյարովին արտաքին գործերի նախարար նշանակելու հարցում: Իսկ Մաննին Մինսկի խմբում ներգրավելը եւ նախարարի փոփոխությունը վկայում են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում սկսվում է նոր փուլ: Այժմ արդեն առավել դժվար է հավատալ, որ բանակցությունները կհաջողվեն շարունակել այն կետից, որտեղ դրանք սառեցվել էին փարիզյան սկզբունքներից Հեյդար Ալիեւի հրաժարումից հետո:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---